Հակակոռուպցիոն փորձի փոխանակման ուսումնական այց Մոլդովա

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակակիր, «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը, հոկտեմբերի 16-20-ը մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կազմակերպված ուսումնական այցին։ Մոլդովայում և Հայաստանում բիզնես ոլորտում առկա են միևնույն կոռուպցիոն ռիսկերը, որոնք դրսևորվում են մենաշնորհների, օլիգոպոլիաների և պետական գնումների ոլորտներում։ Ուսումնական այցի նպատակը նոր գործարար կապերի հաստատումն էր, ինչպես նաև շահագրգիռ կողմերի քարտեզագրման, մասնավոր սեկտորի կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության ու պարկտիկային ծանոթանալը,և իրական սեփականատերերի ու Հակակոռուպցիոն համապատասխանության մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակումը։

Հյուրընկալող կազմակերպությունը Հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող «Քաղաքականությունների ու բարեփոխումների կենտրոն» ՀԿ-ն էր: Ուսումնական այցի շրջանակներում Մարիամ Զադոյանը հանդիպել է տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում`«Արդյունավետ և պատասխանատու կառավարման ասոցիացիա», “Juridice Moldova” իրավաբանանական ընկերության ներկայացուցիչների, ինչպես նաև Մոլդովայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնումների հարցերով անկախ փորձագետ և ծրագրերի ղեկավար Սերգեյ Մերջանի և Անկախ հետաքննող լրագրող Ջեյն Վակարիի հետ։ Կապեր են հաստատվել բիզնես անդամակցություն ունեցող կազմակերպությունների հետ ինչպիսիք են․«Արտասահմանյան փոքր ձեռնարկությունների դաշինքը» և Մոլդովայի իրավական ռեսուրսների կենտրոնը: Հակակոռուպցիոն համապատասխանության մեխանիզմների առումով, Մոլդովան մի շարք հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն է նախատեսում իրավաբանական անձանց համար, սակայն հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման ծրագրեր նախատեսված չեն որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք, և միայն մի քանի ֆրանչայզինգային ընկերություններ ունեններդրաված այդպիսի ծրագրեր։ Ինչ վերաբերում է իրական սեփականատերերին, ապա օրենքի պահանջ է, որի համաձայն մոլդովական կազմակերպությունները պարտավոր են գրանցման ժամանակ տրամադրել իրենց իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն իրական սեփականատերերի գրանցամատյան (ռեեստր) որպես այդպիսին չկա։