Քննարկվել են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման միջոցառումները

Հունվարի 17-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը:

Քննարկման ընթացքում Ա. Մանուկյանը նշեց, որ ներկայացված փաստաթուղթը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար և արտացոլում է Հայաստանի հանձնառությունը գործադրելու անհրաժեշտ ջանքեր և իրականացնել միջոցառումներ Հայաստանում՝ սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովելու համար:

Այնուհետև, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, արտաքին գործերի, գյուղատնտեսության նախարարությունների և ոստիկանության համապատասխան մասնագետներն ներկայացրեցին Ռազմավարության շրջանակում իրենց գերատեսչության կողմից իրականացված միջոցառումները:

Մասնավորապես, խոսել են սոցիալ-տնտեսական ոլորտում սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության հաղթահարման, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման, կրթության ու գիտության ոլորտում կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության, առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնման, սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության կանխարգելման, ազգային մեխանիզմի կատարելագործման գործընթացում կանանց առաջխաղացման, կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության, ընտանիքում բռնության երևույթի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերի շուրջ:

Գերատեսչությունների կողմից ներկայացված միջոցառումների, ծրագրերի և ակնկալվող աշխատանքների մասին իրենց դիտարկումները, առաջարկություններն ու դիրքորոշումն են հայտնեցին քննարկման մասնակիցները:

Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ թեպետ կրթական բաղադրիչը շատ կարևոր է հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման համար, այդուհանդերձ ռազմավարության մեջ մեծ թվով միջոցառումներ են հատկացվել դասընթացներին: Վերջինիս խոսքով՝ դասընթացները կարող են ունենալ արդյունավետ ազդեցություն, եթե դրանք զուգորդվում են համակարգային և ինովացիոն գործիքակազմով:

Մարիամ Զադոյանի խոսքով՝ Ռազմավարության շրջանակներում պետք է հատուկ միջոցառումներ նախատեսել աշխատանքային խտրականության հարցերի լուծման ուղղությամբ:

Մեկ այլ դիտարկում, որ ներկայացվեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, վերաբերում էր պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների գործիքակազմին:

Լուսանկարները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքից: