Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը քննարկվեց հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նիստին

Այսօր՝ հունվարի 16-ին, տեղի ունեցավ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որը նվիրված էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրին:

Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին արդարադատության նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց այս փաստաթղթի նախագիծը:

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց, որ նախևառաջ Հակակոռուպցիոն ռազմավարությունն պետք է համահունչ լինի միջազգային փաստաթղթերով՝ այդպիսի ռազմավարությունների կազմման համար ամրագրված սկզբունքներին, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է  հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության մեջ (2013 թվական, հոկտեմբերի 21-22) տեղ գտած սկզբունքներին: Այն պետք է բխի ՀՀ-ի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունններից և համահունչ լինի միջազգային կառույցների կողմից կազմված զեկույցներում տեղ գտած առաջարկություններին, ինչպեսև համապատասխանի ներպետական օրենսդրությամբ՝ այդպիսի ռազմավարակական փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

«Այս փաստաթուղթը պետք է կազմված լինի այնպես, որ շարքային քաղաքացին կարդա և հասկանա, թե իր կյանքում ինչ է փոխվելու դրա իրականացման արդյունքում»,- Կ. Զադոյանի խոսքով, նպատակահարմար չէ, որ  դրանում ներառված լինեն այնպիսի փոքրագույն խնդիրներ, ինչպիսն է աշխատանքային գրքույկների թվայնացումը, և այլն:

Կարեն Զադոյանը, անդրադառնալով հակակոռուպցիոն անկախ մարմին ունենալու հարցին, նշեց, որ վերջին տարիներին կարելի է տասնյակից ավելի մարմինների անուններ թվարկել, որոնք զբաղվել/զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարով, սակայն չկա գեթ մեկ մարմին, որը պատասխանատու է այդ պայքարի վերաբերյալ արդյունքների համար: Այսինքն, մինչ օրս գործել է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված մոդել, որն իրեն չի արդարացրել:

Եվ հանրային քննարկման ներկայացված հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով էլ չի նախատեսվում ստեղծել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և նախաքննության, հետաքննության ու օպերատիվ-հետախուզական գործառույթներով: Մինչդեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու հարցին և փաստել այդպիսի մարմին ունենալու անհրաժեշտության մասին: 

Քննարկվեց նաև կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմեր ունենալու անհրաժեշտության մասին: Ներկայումս մի շարք երկրներում կան հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։

Ռազմավարության նախագծով նախատեսվում է իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրում, որի դեպքում   միմիայն գրանցամատյան կստեղծվի և կգործարկվի, որի արդյունքում իրավաբանական անձանց իրավունք է տրվում, այլ ոչ թե պարտականություն սահմանվում՝ բացահայտելու իրական սեփականատերերին:Այդ նպատակով առաջարկվում է հիմնել իրական սեփականատերերի ռեեստր, որտեղ բոլոր իրավաբանական անձինք պարտավորված կլինեն գրանցվելու և բացահայտելու իրենց իրական սեփականատերերին:

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց, որ ռազմավարության նախագծում շատ քիչ տեղ է հատկացվում իրականացվելիք միջոցառումներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) մասնակցությանը: Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման բոլոր փուլերում՝ սկսած հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, փաստաթղթերի քննարկման և փորձաքննության, հանրային իրազեկման և կրթական ծրագրերի իրականացման, վերջացրած իրականացվող միջոցառումների մշտադիտարկման և գնահատման փուլով, անհրաժեշտ է նախատեսել և հնարավորինս ընդլայնել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների մասնակցությունն ու դերակատարությունը: Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության դրույթների քննարկման, համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի լրամշակման նպատակով օգտակար կլինեն Հանրային խորհրդի հարթակի գործառնումը, քննարկումների կազմակերպումը ՀԽ հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում:

Հանրային խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը նշեց, որ, թեև նախագծով առանձին բաժին է նախատեսվել՝ նվիրված հանրային իրազեկմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, սակայն այդ բաժնից դուրս են մնացել երկրի եռաստիճան կրթական համակարգում հակակոռուպցիոն կրթությունը բովանդակային հենքի վրա դնելուն ուղղված միջոցառումներ, ինչը բխում է նաև ՏՀԶԿ զեկույցից: Այնինչ, հասարակության շրջանում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության վերաբերմունք ձևավորելու գործում զգալի նշանակություն ունի սերունդների հակակոռուպցիոն դաստիարակության հարցը, որի լուծման համար պատասխանատվության իրենց բաժինը պետք է վերցնեն երկրի եռաստիճան կրթական համակարգի դերակատարները:

Պետաիրավական հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվեցին նաև մի շարք այլ առաջարկություններ, որոնք կներառվեն ՀՀ հանրային խորհրդին ներկայացվելիք առաջարկությունների փաթեթում, որը հանրային խորհրդի կողմից հաստատվելուց հետո կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարությանը՝ դրանք փաստաթղթի վերջնական տարբերակում ներառելու նպատակով: