Առաջին անգամ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը քննարկվեց ՔՀԿ-ների հետ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առաջին մասը նվիրված էր 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկմանը։

Ողջույնի խոսքում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ սա բացառիկ դեպք է, երբ առաջին անգամ ռազմավարության նախագիծը առաջին հերթին քննարկվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ.

«Այսօրվա միջոցառումն աննախադեպ է նրանով, որ այս ռազմավարությունը առաջին հերթին կարծիքի է ներկայացվում քաղհասարակության հետ: Զուգահեռաբար այսօր այն առաքվել է բոլոր պետական մարմիններին: Սա նշանակում է, որ հակակոռուպցիոն ոլորտում բարձր է գնահատվում  քաղհասարակության դերը և մասնակցային քաղաքականության մշակումը»,- նշեց Սուրեն Քրմոյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ դիմել են կառավարությանը՝ ռազմավարության ընդունումը մի քանի ամսով հետաձգելու խնդրանքով, որպեսզի ՔՀԿ-ները հնարավորություն ունենան մասնակցել դրա մշակմանը.

«Եթե կառավարությունը որոշի հետաձգել ռազմավարության ընդունումը, ապա հնարավորություն կունենանք նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը շատ ավելի լեգիտիմ և մասնագիտական հենք ունեցող փաստաթուղթ դարձնել: Այն կլինի բեկումնային փաստաթուղթ, որը իրապես  փոփոխություններ կբերի մարդկանց կյանքում: Ողջունում եմ կառավարության այն մոտեցումը, որ փաստաթուղթը հիմքում կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնասյուներն են՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն»,- ասաց նա:

Կարեն Զադոյանը տեղեկացրեց, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի և «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում ներկայացվել են 49 առաջարկություններ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ներառելու նպատակով, որոնք վերաբերում են Հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմնի հիմնադրմանը, իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրմանը, գողացված ակտիվների վերականգնմանը, հակակոռուպցիոն կրթությանը, հակակոռուպցիոն դատարանի հիմնադրմանը, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը առևտրային ընկերություններում և այլն։ Առաջարկությունների մի մասն արդեն տեղ են գտել ռազմավարության նախագծում, սակայն դեռևս անելու շատ բան կա։

Միջոցառման ժամանակ մի շարք մասնակիցներ հայտնեցին մտահոգություններ առ այն, որ հակակոռուպցիոն կրթությունը ամբողջապես արտացոլված չէ ռազմավարությունում՝ որպես այդպիսին, որդեգրված է հակակոռուպցիոն մարմին ունենալու ապակենտրոնացված մոդելը՝ ի դեմս մեկ իրավապահ և մեկ կանխարգելիչ մարմնի, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումն ունի ձևական բնույթ, քանի որ զուգահեռաբար չի նախատեսվում օրենսդրական պարտականություն առևտրային ընկերությունների համար՝ ներկայացնել իրենց իրական սեփականատերերին, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը նախատեսված չէ, որի պատճառով կնվազի առևրային ընկերությունների շահագրգռվածությունը՝ ներդնել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր և այլն։

Միջոցառմանը ներկա էին ինչպես պետական կառույցներից, այնպես էլ  քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ավելի քան 90 ներկայացուցիչներ։

Այստեղ կարող եք գտնել քննարկման մասնակիցների ցանկը, իսկ այստեղ՝ հրավիրյալների ցանկը

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: