Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունենացավ քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով:
Համաժողովին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց այս թեմայով միջոցառման կազմակերպման համար, քանի որ անցումային արդարադատությունը հետաքրքիր է ոչ միայն մասնագիտական, այլև հասարակության լայն շրջանին: Նա նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները, նույնիսկ արյունոտ էջեր են եղել, և այսօր հնարավորություն է ստեղծված ճշմարտությունը բացահայտելու.
«Պիտի լինեն քրեական գործեր, արձանագրվի մեղքը, հանցագործությունը, խախտողների անունները, որ այլևս չկրկնվեն նման բաներ, և ներում շնորհվի հասարակության անունից՝ հաշտեցման ճանապարհով գնալով»,- ասաց Ա. Միրզոյանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պիոտր Անտոնի Սվիտալսկին իր ողջույնի խոսքում նշեց, որ Եվրամիությունն աշխարհում, թերևս, ամենամեծ ֆինանսական աջակցություն տրամադրողն է անցումային արդարադատության իրականացման ոլորտում: Սակայն պետություններն իրենք պետք է որոշեն, թե այն ինչպես և երբ պետք է իրականացնեն, և ոչ ոք, նույնիսկ բարեկամ պետությունները չպետք է միջամտեն.
«Մենք չենք փորձի որևէ խորհրդով միջամտել, թե ինչպես պետք է անցումային արդարադատությունն իրականացվի Հայաստանում… Գործընթացի թափանցիկ և համապարփակ լինելը էական է, հակառակ դեպքում անցումային արդարադատության բոլոր ջանքերը կհանգեցնեն ընտրողական արդարադատության: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար»,- ասաց Պիոտր Անտոնի Սվիտալսկին:
«Մենք, որպես հանձնառու ծրագիր և կազմակերպություն, ստանձնեցինք այս համաժողովն իրականացնել՝ ներգրավելով Հայաստանի անկախ և ուժեղ փորձագիտական ներուժը: Անցումային արդարադատության վերաբերյալ մեծ ուսումնասիրություն ենք իրականացրել, շուրջ 35 երկրի փորձ է ուսումնասիրվել՝ և ձախողված, և հաջողված»,- ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Նա նշեց, որ միջազգային փորձից նախևառաջ պետք է քաղել այն դասերը, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի անցումային արդարադատություն անցկացման մասին, դրա նպատակների և որ կարևորն է, թե ինչ է իր կյանքում փոխվելու այդ գործընթացի իրականացման արդյունքում:
Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն համաժողովի ավարտից հետո՝ համակարգելով բոլոր առաջարկները, որոնք մեծապես կօգնեն կառավարությանն ու քաղաքական ուժերին՝ անցումային արդարադատության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելիս:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպաններ, ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձինք և ներկայացուցիչներ, փաստաբաններ և փորձագետներ: