2018 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկումը։ Նիստին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը։
Նիստը վարում էր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Նիստում քննարկվել են հետևյալ հանձնառությունները՝ պաշտոնական հայտարարագրերի ցանկի ընդլայնում, պետական բյուջեից դրամաշնորհների մրցույթային կարգի սահմանում, իրական սեփականատերերի ռեգիստրի մշակում, վարկային և դրամաշնորհային միջոցների թափանցիկության ապահովում, համայնքային կայքերի հասանելիություն և արդիականացում, ջրային և հողային ռեսուրսների ինտերակտիվ քարտեզի մշակում, կրթության և առողջապահության ոլորտի հասանելիության ապահովում, հանրագրերի համակարգի ներդրում:
Նշենք, որ պաշտոնական հայտարարագրերի ցանկի ընդլայնման, իրական սեփականատերերի ռեգիստրի մշակման և համայնքային կայքերի հասանելիության և արդիականացման առաջարկների հեղինակներից է՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան։
ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարկ է նշել, որ սեպտեմբերին և հոկտեմբերին մի շարք աշխատանքային հանդիպումներ և հասարակական քննարկումներ տեղի ունեցան կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային փորձագետների մասնակցությամբ, որոնց նպատակը վերը նշված գործողությունների պլանի բարելավումն էր։ Միջոցառումնեը համատեղ կազմակերպել էին ՀՀ կառավարությունը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-մ և «Տեղեկատվության ազատության» ՀԿ-ն»;։ այդ հանդիպումներին մասնակցել են նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի կոմպոնենտի ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը, ԻՀԱ Խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը, և ԻՀԱ միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը։ Հայաստանի ՔՀԿ-ներ Հակակոռուպցիոն կոալիցիան և ԻՀԱ-ն ներկայացրել են 7 առաջարկություն․
- պետական պաշտոնյաների ակտիվների և եկամուտների հայտարարագրման համակարգի բարելավում,
- գողացված ակտիվների վերականգնման ծրագրի ներդրում,
- հակակոռուպցիոն համապատասխան մեխանիզմների ներդրում,
- իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրում,
- տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության և մասնակցային ժողովրդավարության բարելավում,
- լոբբիստների ռեգիստրի ստեղծում,
- անտառային ռեսուրսների թվայնացրած քարտեզագրում։
ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի և ԻՀԱ ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է․ https://armla.am/en/3374.html
Հարկ է նշել, որ 7 առաջարկություններից 3-ը ընդգրկվել են Գործողությունների ծրագրում դրանք են՝ պետական պաշտոնյաների հայտարարարագրեր ներկայացնող անձանց ցանկի ընդլայնման, իրական սեփականատերերի ռեգիստրի և տեղական ինքնակառավարման վերաբերյալ առաջարկությունները: Չնայած այն հանգամանքին, որ լոբբիստների ռեգիստրի ստեղծման վերաբերյալ, գողացված ակտիվների վերականգնման և Հակակոռուպցիոն համապատասխանության մեխանիզմների ներդրման առաջարկությունները չեն ընդգրկվել Գործողությունների ծրագրում, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դրանք ներառվեն ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։
Լուսանկարը՝ gov.am, ԲԿԳ Հայաստան և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ կայքերից