Սույն թվականի սեպտեմբերի 26-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ փորձագիտական խմբի հետ՝ ֆոկուս խմբի ձևաչափով։ Հանդիպման նպատակն էր՝ քննարկել հանրային սեկտորի ներգրավվածության արդյունավետությունը և գործիքները հանրային քաղաքականությունների մշակման և ընդունման գործընթացում։
ԻՀԱ ներկայացուցիչները ներկայացրեցին վերջին տարիներին հակակոռուպցիոն պայքարում կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացրած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնց թվում են՝ ապօրինի հարստացման քրեականացումը, անկախ հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի ստեղծումը, ազդարարման համակարգի ներդրումը, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը գնումների ոլորտում, 100-ից ավելի առաջարկությունների ներկայացում բիզնես ոլորտում, որոնց մի մասը կատարվել է, մյուս մասը՝ գտնվում է կատարման փուլում, ինչպես նաև՝ փոփոխությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգում։ Ներկայացվեց նաև ԻՀԱ կողմից օգտագործված այն գործիքակազմը, որոնք օգտագործվել են շահերի պաշտպանության և լոբբինգի իրականացման համար։
Մասնակիցները ներկայացրեցին նաև հանրային քաղաքականությունների մշակման և ընդունման գործընթացում ներկայումս առկա հիմնական մարտահրավերները։