Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում հուլիսի 19-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորի մասնակիցներն աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ փոխնախարար Հակոբ Ավագյանի հետ։
Հասարակական կազմակերպություններից կառավարություն նոր տեղափոխված փոխնախարարը առանձնակի կարևորեց ՔՀԿ-ների աշխատանքն ու աջակցությունը նախարարությանը։
«Մինչև օգոստոստոս ամսվա վերջին օրերը պետք է Հարկային օրենսգրքի փոփոխությունների համար փաթեթ նախապատրաստվի և ներկայացվի կառավարությանը։ ՓՄՁ զարգացման վարչությունն այստեղ մեծ աշխատանք ունի անելու և ես չեմ բացառում, որ աշխատանքային խմբեր կկազմենք ու դաշտային աշխատանքի կանցնենք և ֆոկուս խմբերով հանդիպումներ կունենանք»,-ասաց նա։
Հակոբ Ավագյանը ծանոթացավ և քննարկեց ՔՀԿ-ների ԿԵՀ ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրերին։
Նա նաև նշեց, որ հասարակական կազմակերպությունների զարգացման համար «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռում։
Կարևորելով կազմակերպությունների ոլորտային կրթությունը Հակոբ Ավագյանը նշեց․ «Գործարար ծնվում են, դա կարծես թե արվեստագետին հավասար մի բան է, երբ զգում ես, թե ինչպես կարելի է բիզնեսը վարել, իսկ հղկելը կարելի է միշտ անել ու լրացնել տարբեր մասնագետների՝ կառավարիչների, մենեջերների միջոցով»։
ՔՀԿ ներկայացուցիչները ևս նշեցին, որ պատրաստակամ են մասնագիտական օգնություն ցուցբերել նախարարությանը և երկկողմ կառուցողական աշխատանք տանել։
Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: