Գավառի ՔՀԿ ինկուբատորների խումբն անցել է իր առաջին դասընթացը

Ապրիլի 20-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում Գավառի քաղհասարակության ինկուբատորների խմբում անցկացվել է առաջին դասընթացը։ Այն վարել է ծրագրի մենթորների խմբի համակարգող և արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը։

Դասախոսությունը ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցման հաջողության փորձի մասին է եղել, ինչի շրջանակում ներկայացվել է հենց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ստեղծված 5 կազմակերպությունների կոալիցիայի արդյունավետ աշխատանքի մասին։

Մարատ Ատովմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՔՀկ ներկայացուցիչների հետ քննարկվել է այն հարցը, թե ինչպես կարող են իրենք ակտիվ գոծունեություն ծավալել հակակոռուպցիոն աշխատանքներում ու մեծ ներգրավվածություն ունենան դրանցում։

Նշենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
 
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
 
Հավելենք, որ  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ: