ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանների հայկական ասոցիացիան դատապարտում է ՀՀ ոստիկանության գործելաոճը,  մասնավորապես՝  հավաքները դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու և պահելու գործընթացներն ուղեկցվում են մի շարք խախտումներով, որոնք արձանագրված են բազմաթիվ տեսագրություններով, ներառյալ՝

  • ոստիկանությունը կիրառում է ոչ համաչափ միջոցներ՝ վնաս պատճառելով հավաքի մասնակիցների առողջությանը և ոչնչացնելով կամ վնասելով հավաքի մասնակիցների գույքը, օրինակ՝ մեքենաներ, տեսախցիկներ և այլն,
  • ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոց՝ ռետինե մահակներ և ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ՝ խաղաղ և առանց զենքի անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ, ինչպես նաև՝ ակնհայտ անչափահասների նկատմամբ,
  • ոստիկանությունը անձանց բերման ենթարկելիս օգտագործում է հասարակական տրանսպորտը,
  • բերման ենթարկված անձանց վարչական ձերբակալումը տևում է 3 ժամից ավելի,
  • մի շարք ոստիկաններ չեն կրում ծառայողական համազգեստներ,
  • ոստիկանությունը  խոչընդոտում է փաստաբանների և լրագրողների ծառայողական գործունեությունը,
  • դրսևորում է լիակատար անկարողություն, երբ խաղաղ ցուցարարների վրա կատարվում է զգալի ճնշում (հոգեբանական), ինչպես նաև՝ ֆիզիկական բռնություն և գույքի ոչնչացում հասարակական կարգի պահպանության որևէ լիազորություններ չունեցող անձանց կողմից այդ թվում նրանց անվտանգությունը ապահովող անձանց կողմից:

Նշյալի արդյունքում խախտվում են.

  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ վարչարարությանն ուղղված միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
  • «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, որն արգելում է հատուկ միջոցների գործադրումը խաղաղ և առանց զենքի անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ, ինչպես նաև հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ։
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածը, այն է՝ վարչական իրավախախտումկատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ:
  • «Ոստիկանության մասին” ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը և «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.01.2007 թվականի N 151-Նորոշման 22-րդ կետը, որոնց համաձայն` հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
  • Նշյալ կանոնագրքի 110-րդ կետը, որով ամրագրված է, որ իրավախախտներին ավտոմեքենա նստեցնելու ժամանակ պարեկայինները պետք է պահպանեն անվտանգության կանոնները, որը կբացառի հարկադրաբար նստեցման ժամանակ դիմադրություն ցույց տվող անձանց վնասներ պատճառելը,
  • Նշյալ կանոնագրքի 128-րդ կետը, որով չի թույլատրվում ազատությունից զրկված անձանց ոստիկանություն տեղափոխման նպատակով օգտագործել հասարակական տրանսպորտը։
  • «Ոստիկանության կարգապահական կանոնագրքի» 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ ոստիկանության ծառայողը պարտավոր է իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիներինկատմամբ:
  • «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որով արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:
  • «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ։

Հիշեցնենք նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ՝

  • «Մախմուդարովն ընդդեմ Ռուսաստանի»՝ ոչ հանրային անկարգության հիպոթետիկ ռիսկը, ոչ էլ ամբոխի թշնամական տրամադրվածությունը խաղաղ հավաքները արգելելու իրավական հիմք հանդիսանալ չի կարող:
  • «Եզելինն ընդդեմ Ֆրանսիայի»՝ հնարավոր պատահարների և մանր խախտումների համար նախապես կիրառվող սահմանափակումները հնարավոր է անհամաչափ լինեն: Խախտում կամ ուժի գործադրում իրականացնելուց հետո է միայն հնարավոր հետաքննություն իրականացնել կամ ձերբակալել անձին, մինչ դեռ մինչև խախտումը սահմանափակումներ կիրառելը կրկին դիտարկվում է որպես անհամաչափություն։
  • «Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի»՝ անձը չի կարող հավաքների այլ մասնակիցների կողմից իրականացվող անկարգությունների պատճառով զրկվել խաղաղ հավաքների իրականացման իրավունքից, եթե ինքը նման իրավիճակում հանգիստ է մնում և խախտումներ չի իրականացնում:

Ելնելով վերոգրյալից՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան պահանջում է․

  • ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել խաղաղ հավաքի մասնակից՝ բերման ենթարկված անձանց և անցկացնել ոստիկանության կողմից թույլ տրված իրավախախտումների օբյեկտիվ և թափանցիկ քննություն,
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից՝ ձեռնարկել գործուն մեխանիզմներ՝ խաղաղ ցուցարարների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ոչ օրինական հիմքերով բերման ենթարկված անձանց ազատ արձակելու ուղղությամբ:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

21.04.2018թ., ք. Երևան