Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ապրիլի 17-ին Վանաձորում քաղհասարակության 24 ներկայացուցիչներ իրազեկվել են ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման և մշտադիտարկման ենթադրամաշնորհային հայտերին դիմելու մասին։
Վանաձորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ներկայացրեց ծրագրի մենթորների խմբի համակարգող և արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը։ Նա նշեց, որ ծրագրի այս փուլում հայտարարվում է ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլը։ Այս փուլում ծրագրի թիրախ 9 ոլորտներում (արդարադատություն, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա) գործունեություն ծավալելու համար ստեղծել ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) կամ էլ օժանդակել արդեն իսկ գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին և ապահովել դրանց ազդեցության մեծացումը նշված ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտն ընդգծեց, որ ենթադրամաշնորհներին դիմելու համար վերջնաժամկետ է սահմանված՝ ապրիլի 30-ը։
Նշենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: