Եվրամիության կողմից ֆինասնավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների առաջին փուլի բացումը միաժամանակ Երևանում, Վանաձորում, Գավառում, Գյումրիում և Կապանում:
Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունը մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի ՔՀԿ-ներին, ծրագրի շրջանակում թիրախային 9 ոլորտի և 4 ուղղությամբ կարողությունների զարգացման նպատակով։
«Հանրային քաղաքականությունների մշակման առյուծի բաժինը ծնվում է կառավարությունում, իսկ կառավարությունը բաղկացած է նախարարություններից ու առընթեր մարմիններից, պետք է ունենալ իրենց կոնտակտները, աշխատել նրանց հետ, ունենալ կառուցողական երկխոսություն»,-ասաց Կարեն Զադոյանը։
Նա նաև նշեց, որ շուտով կոնտակտային տվյալների բազա կստեղծվի, հանդիպումներ կկազմակերպվեն երկու կողմերի միջև. «Դուք կկարողանաք կառուցողական աշխատանքների շնորհիվ ձեր գործունեությունը արդյունավետ դարձնել»։
Հավելենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով՝ հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։
Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքից, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Կապանի կամ Երևանի ինկուբատորից։
Նշենք, որ սեմինարն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններինև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը: