Մենք նույնպես պայքարում ենք տեղեկություններ ստանալու համար․ Նիլս Մուլվադ

Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի (Global Investigative Journalism Network- GNIS) և Դանիայի հետաքննական տեղեկատվական կենտրոնի համահիմնադիր Նիլս Մուլվադը մինչ լրագրող դառնալը, հիվանդանոցում աշխատել է իր առաջին մասնագիտությամբ՝  քիմիայի և մաթեմատիկայի ոլորտում: Եվ շնորհիվ իր այս հմտությունների  նա աշխարհում դարձել է վերլուծական և տվյալների լրագրության հեղինակավոր դեմքերից մեկը:

Իրավաբան.net-ին Նիլս Մուլվադը պատմել է, թե ինչպիսին է հետաքննական լրագրությունը Դանիայում՝ երկիր, որտեղ  կոռուպցիայի մակարդակն ամենացածրն է և հասարակության վստահության մակարդակը շատ բարձր է։

Ինչպիսի՞ն է հետաքննական լրագրության ներկայիս վիճակը Դանիայում:

-Թափանցիկության միջազգային վարկանիշների համաձայն՝ Դանիան համարվում է ամենաքիչ կոռումպացված երկիրը: Մենք մեզ համարում ենք չկոռուպմացված կառավարություն ունեցող բաց հասարակություն: Դանիայում կոռուպցիան մեծ խնդիր չէ համարվում և լրագրողներին էլ վտանգ չի սպառնում հետաքննություն անցկացնելիս: Հնարավոր է որևէ խնդրի առջև կանգնել կամ հայտնվել որևէ կազմակերպության թիրախում, որի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում։ Թեև սպանվելու վտանգ չկա, սակայն հետաքննող լրագրողների հանդեպ նույնպես ճնշումներ լինում են։

Ինչո՞վ է բացատրվում, որ Դանիան  շարունակաբար մնում է աշխարհի ամենաթափանցիկ երկրների քառյակում՝ լավ օրենքնե՞րը, հետաքննող լրագրողների լավ վերահսկողական աշխատա՞նքը, թե՞, գուցե, դանիական արժեքները:

-Մշակույթը: Իրականում  սրա վերաբերյալ մեծ խնդիր ունենք: Դեպքեր են եղել, երբ Դանիան միջազգային խարդախության թիրախում է հայտնվել, քանի որ մեզ մոտ վերահսկողությունը այդքան խիստ չէ, ինչպես այլ երկրներում: Սրա պատճառով մի քանի անգամ մեր երկիրը դարձել է տարանցիկ գոտի՝ միջազգային խարդախությունների համար:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա դրա վերաբերյալ մենք վերջերս մի դեպք ունեցանք Օրհուսում, որտեղ ես ապրում եմ։ Օրհուսի ղեկավարությունը անկարևոր էր համարում ազդարարների (whistleblower) դերը։ Դա ցնցող էր, քանի որ Օրհուսը երկրի ամենամեծ համայնքներից մեկն է: Այստեղ մեծ խարդախության դեպք ունեցանք, երբ համայնքապետարանի անդամների մի մասը, որոնք իսկապես կոռումպացված էին, աշխատանքից ազատում էին այդ խնդրի մասին բարձրաձայնող աշխատակիցներին: Եվ համայնքապետարանի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները սատարում էին այդ կոռումպացված խմբին՝ փորձելով խարդախության այդ միջադեպը թաքցնել լրագրողներից, ովքեր հետաքննություն էին իրականացնում։

Ուստի, շատ դեպքերում մեր մշակույթի առանձնահատկությունները խնդիրներ են առաջացնում Դանիայում: Խնդիրներից մեկն այն է, որ մեզ մոտ բացակայում է նման հետաքննություններ անելու ավանդույթը: Սա իսկապես բարդ աշխատանք է և կախված է հենց լրագրողից և այն բանից, թե արդյոք նրան սատարում է խմբագիրը:

-Իսկ այդ դեպքերում ի՞նչ խոչընդոտների են հանդիպում լրագրողները:

-Հետաքննության սուբյեկտը կարող է բողոք ներկայացնել խմբագրին, լրատվական կազմակերպություններին կամ դատարան՝ փորձելով լրագրողին անվստահելի մեկը ներկայացնել, «կեղտ» գտնել  նրա մասին և  փորձել նրա հետաքննության իսկությունը ստվերել։  Այսպիսով, նրանք փորձում են հարցականի տակ դնել հայթաթված տեղեկությունները։ Իմ մասնագիտացումը տվայլների վերլուծությունն է, սակայն որոշ դեպքերում խմբագրի և գրողի դեր եմ ունենում։ Եվ նման մի քանի դեպքերով ես և լրագրողը դատարան ենք կանչվել՝ գաղտնի տեղեկություններ հրապարակելու պահանջով։ Սկզբում մենք կարծում էինք, թե դա սպառնալու մի տարբերակ է, որի միջոցով ցանկանում են տեղեկություն իմանալ մեր նյութի գաղտնի աղբյուրների մասին, բայց պարզվեց, որ իրականում նրանց թիրախը հենց մենք էինք։ Վերջում մեզ հետ ամեն ինչ կարգավորված էր և մենք տեղեկությունը հրապարակեցինք։

Որո՞նք էին Ձեր առաջին քայլերը և գլխավոր նպատակը լրագրության ոլորտում:

-Ես ունեմ քիմիայի և մաթեմատիկայի բակալավրի աստիճան։  Ես այդքան էլ ուժեղ չեմ եղել լեզուներից և շարադրելուց: Ութ տարի հիվանդանոցում աշխատելուց հետո ինձ սկսեց հետաքրքրել լրագրողների հետ աշխատանքը․ ես ուզում էի ստանալ այն հարցերի պատասխանները, թե մարդիկ ինչ են անում, ինչու են անում և, ընդհանրապես,  ինչու է ամեն ինչ պատահում: Սա ինձ համար շարժիչ ուժ էր հետաքննություններ սկսելու համար։

Ես հիվանդանոցի տեղեկագրի պատասխանատուն էի և, կարծում եմ, որ ինձ մոտ  ճիշտ պատասխաններ գտնելու հետաքրքրությունն էր զարգանում։ Ես հասկացա նաև, որ պետք է կրթվեմ ու սկսեցի ուսումս լրագրության ոլորտում։

Սակայն ակնհայտ էր, որ պետք է կենտրոնանայի քիմիայի և մաթեմատիկայի ոլորտում իմ հիմնական հմտություններն օգտագործելու վրա։ Ես ուրախ էի բոլոր այդ մեթոդները հետաքննական լրագրության ոլորտում օգտագործելու համար։ Այդ մեթոդները ես փորձարկում ու հասկանում էի, որ ավելի լավ արդյունքներ եմ ստանում, քան միայն կարդալով կամ սովորական հարցազրույցների դեպքում կարող էր լինել։ Հենց սկզբից ես մեծ կրքով էի աշխատում․ կենտրոնանում էի այն բանի վրա, թե ինչպես կարող ենք ավելի շատ և պատշաճ տեղեկություններ ստանալ կոնկրետ գործերով։

Տվյալների հետ աշխատանքը ենթադրում է հետազոտել հավանական բոլոր բնագավառները և ճշտել տեղեկությունները մինչ դրանց հրապարակումը: Այստեղ նույնպես գիտական մոտեցում է լինում աշխատանքին, և շատ դեպքերում դա նման է կենսաբանության կան կենսաքիմիայի ոլորտում գիտական հետազոտություն կատարելուն։

Որքանո՞վ է արժեքավոր տվյալների կիրառությունը հետաքննական և վերլուծական լրագրության մեջ: Արդյո՞ք մասնագետները հեշտ են ընկալում և կիրառում այս մեթոդները:   

-Լրագրողների համար շատ բարդ է տվայլների հետ աշխատելը: Պատճառներից մեկն այն է, որ Դանիայում այս մասնագիտությունը ընտրում են նրանք, ովքեր վախենում են մաթեմատիկայից, քիմիայից և ֆիզիկայից, բայց սիրում են կարդալը, գրելը և հաղորդակցությունը: Բայց իրականությունն այն է, որ այստեղ աշխատանքը հիմնականում թվերի և տվյալների հետ է, իսկ նրանց համար նույնիսկ տոկոս հաշվելը բարդ է: Փորձս ցույց է տալիս, որ լրագրողների 1/3-ը դա անել չի կարողանում, 1/3-ը մտածում է, թե կարող է անել, սակայն սխալներ է թույլ տալիս, իսկ մյուս 1/3-ն  այն կարծիքին է, որ կարողանում է անել և իսկապես ճիշտ է անում։  Այսպիսով, ներկայումս լրագրողների ընդամենը 1/3-ն է միայն կարողանում պարզ հաշվարկներ անել։

Դանիայում լրագրողները համագործակցու՞մ են իրավաբանների հետ: Ինչպե՞ս է դա լինում։

-Ամեն ինչ կազմակերպվում է այնպես, որ լրագրողները հնարավորություն ունենան օգտվել Դանիայի լրագրողների միության իրավաբանական օգնությունից, և Հրատարակիչների ասոցիացիայի կողմից, որը աջակցություն է ցուցաբերում խոշոր լրատվամիջոցներին։ Նրանք իրավաբան աշխատողներ ունեն։ Սակայն, լրագրողների համար բարդ է նման օգնություն ստանալը, եթե իրենք չեն աշխատում խոշոր լրատվամիջոցում։ Եվ լրագրողը պետք է համոզի նրանց իր այդ գործը վերցնել և իր շահերը ներկայացնել։

Ես նաև ղեկավարում եմ մի կազմակերպություն, որը մասնագիտացած է տեղեկատվության ազատության գործերի լուսաբանման ոլորտում։ Մենք սերտորեն համագործակցում ենք Դանիայի մեդիայի և լրագրության դպրոցի գիտահետազոտական բաժնի նախկին ղեկավարի հետ։ Նա կամավորական հիմունքներով օգնում է լրագրողներին՝ տեղեկատվության ազատության հարցերի վերաբերյալ։ Օգնության կարիք լինում է, երբ լրագրողը կամ լրատվամիջոցը կանչվում է դատարան կամ, առհասարակ, երբ պետք է իմանալ ինչպես պայքարել որևէ արդյունքի հասնելու համար։ Եվ բացի սրանից՝ հատկապես կարևոր է այդ օգնությունը, երբ հետաքննություն ես իրականացնում։

 Լրագրողների և իրավաբանների  միջև համագործակցության հիմքում, այսպես կոչված,  «տող առ տող խմբագրելու» մեթոդն է։  Նրանք միասին աշխատելիս ստուգում են, թե արդյո՞ք յուրաքանյուր տողում պարունակվող տեղեկությունը հավաստի է, թե արդյոք չես գրել մի բան, որը կարող է օրենքը խախտել և անախորժությունների պատճառ դառնալ։

Իսկ եթե արդեն իսկ անախորժություններ ստեղծվել են, ապա քննարկվում է, թե ինչպես կանխել իրավախախտումը կամ ինչ անել հետո։ Կարծում եմ, անհրաժեշտ է իմանալ կատարածդ իրավախախտման և հետագա անելիքիդ մասին, քանի որ երբեմն դու պարտավոր ես հավասարակաշռություն պահել  իրավաբանական տարբեր ասպեկտները․ մի բանը կարող է մի դեպքում օրինական լինել, մեկ այլ դեպքում՝ անօրինական։ Եթե ռիսկ կա դատարանի առջև կանգնելու, ապա կարևոր է հստակ պատկերացնել, թե որն է այդ ռիսկը և ինչպես արձագանքնել դրան։

Դանիայում որքանո՞վ են հասանելի պաշտոնյաների մասին տվյալների բազաները։  

-Մենք նման տեղեկություններ ստանալու թույլտվություն ունենք։ Բայց սեփական փորձիցս ասեմ, որ  տվյալներ կամ փաստաթղթեր ստանալը միշտ բարդ է:  Իրականում փաստն այն է, որ լրատվամիջոցների կողմից լայնորեն չի կիրառվում այն օրենքը, որով մենք կարող ենք տեղեկություններ ստանալ նրանց աշխատավարձի կամ կնքած պայմանագրերի մասին։ Որոշ դեպքերում երբ կիրառվել է, ունեցել ենք նյութերի պայծառ օրինակներ, որոնք ցույց են տալիս այն կապը, թե պաշտոնյան որքան աշխատավարձ է ստանում և ինչի համար է այդքան ստանում։

Մյուս կողմից, ես գիտեմ, որ ոչ առևտրային և լրատվական կազմակերպություններում հաճախ այն մտքին են, թե Դանիայում փաստաթղթեր և տվյալներ ստանալը շատ հեշտ է։ Բայց փաստն այն է, որ մենք նույնպես պետք է շատ պայքարենք դրանք ստանալու համար։ Երբեմն մենք 7 կամ 9 տարի պայքարում ենք՝  որևէ տվյալ կամ փաստաթուղթ ստանալու համար։

Եվ վերջապես, ինչպիսի՞ն եք տեսնում լրագրության ապագան: Կարո՞ղ են արդյոք համատեղ գոյատևել դասական և տվյալների լրագրությունը, թե վերջինս կփոխարինի դասականին:

-Կարծում եմ, երկուսն էլ կլինեն։

Ներկայումս տեղեկությունը պահվում է որպես տվյալ (թվային տվյալ,- խմբ․),  և անհրաժեշտություն կա տեղեկությունը այդ տվյալների հավաքածուից առանձնացնել, ինչը չպետք է հույս ունենալ, թե դա այլ մեկը կանի։ Միաժամանակ անհրաժեշտ է թղթային նյութերից օգտվելու կարողություն ունենալ: Ավելացնեմ, որ պետք է խոսել նաև մարդկանց հետ, քանի որ նրանք ինֆորմացիայի կարևոր աղբյուր են: Եվ, վերջապես, շատ կարևոր է պատշաճ դիտարկումներ անելը տվյալ ասպարեզում: Հետաքննություն անելիս այս չորս հմտությունների համադրությունը  կտա արդյունք:

Հեատքննություն անելը ենթադրում է մի քանի հմտություն ունեցող մասնագետների կարողությունների օգտագործում․ որոշ հետաքննություններ պետք է կատարվեն իրավաբանների կողմից, որոշները՝ տվյալների մասնագետների, որոշներն էլ տնտեսագետների և տվյալների վերլուծությամբ զբաղվող լրագրողների կողմից։   Չենք կարող ասել, թե նրանցից ում կարևորությունն է ավելի մեծ, հետևաբար պետք է թիմ ձևավորվել կոնկրետ հետաքննական ծրագիր իրականացնելու դեպքում և ունենալ թիմի ղեկավար։ Եվ չկա հստակ չափանիշ դա անելու համար։

Հարցազրույցը՝ Խոսե Նիկոլաս Դոմինգեսի
Թարգմանեց Ռուզաննա Կարապետյանը

Իրավաբան.net