Այսօր Կապանում հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Սյունիքի մարզում աշխատող 15-ական հոգուց բաղկացած համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ դասընթացները անցկացվում են Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Նրա խոսքով, այս ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնելու են շուրջ 200 հանրային ծառայողների բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով վերապատրաստումներ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ, իրավաբան Մարատ Ատովմյանը հանրային ծառայողներին ներկայացրեց բարեխղճության հիմնական սկզբունքները և հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու հիմնական պայմանները, միջազգային հաջողված փորձը:
Նշենք, որ կառավարության հետ համագործակցության արդյունքում վերջին տարվա ընթացքում լուրջ քայլեր են կատարվել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում: Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարվա գարնանը կառավարությանը ներկայացվեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում հաջողության հասնելու ճանապարհային քարտեզ, որը բաղկացած էր վեց կետից:
Ներկայացվեցին մշակված իրավական փաստաթղթերի նախագծեր և համատեղ աշխատանքների արդյունքում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ներդրվեց կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարների ինստիտուտը, մասնակիորեն իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, ստեղծվեց հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինը: