Այսօր «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով աշխատաժողով էր կազմակերպվել Կապան քաղաքի Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում:
Նախորդ տարվա մայիսի 18-ին Ազգային ժողովն ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքը, իսկ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ արդարադատության նախարարության կազմում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման մասին ՀՀ Կառավարության որոշումը, որով տրվեց Ծառայության աշխատանքների մեկնարկը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս աշխատանքային ժողովի նպատակը նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայությունը, գործառույթները և դրա առջև դրված խնդիրների ներկայացումն ու քննարկումն էր, նաև նպաստել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համախմբմանը՝ Ծառայության հետ արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով, ձևավորել մի հարթակ, որը հասարակական կազմակերպություններին թույլ կտա կապեր հաստատել Պրոբացիայի պետական ծառայության հետ, աջակցել վերջինիս գործառույթների իրականացմանը, մշակել և իրականացնել Ծառայության գործառույթներից բխող բազմաբնույթ ծրագրեր:
Այնուհետև ՔՀԻ աշխատակից Եվգենիա Իվանովան խոսեց իրավախախտում կատարած անձանց սոցիալական վերականգնման հնարավորությունների մասին:
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ: Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-իժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում: