Եվրոպայի օրը Կապանում

Հավատարիմ «Միասնություն՝ բազմազանության մեջ» կարգախոսին՝ Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակությունն այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացնում է մայիսի 6-ից մայիսի 27-ը։

Եվրոպայի օրվան՝ խաղաղության և միասնության տոնին, նվիրված տոնակատարությունները կազմակերպվեցին Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, իսկ մայիսի 19-ին Կապանում:

Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի առավոտյան եռուզեռին հետևեց ժամը 15:00-ից մեկնարկած տեղեկատվական ցուցահանդեսը, ապա տարատեսակ ինտելեկտուալ խաղերն ու Հայկ Պետրոսյանի և Մաշա Մնջոյանի բացօթյա համերգային համարները: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ուրախ ու տոնական տրամադրություն էին հաղորդում դիջեյն ու Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները, ովքեր իրենց մանկավարժների կատարմամբ հանդիսատեսի համար կատարեցին նաև Եվրոպական միության օրհներգը:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի, Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար առանձնացված տաղավարներով, որտեղ նրանց և միջոցառման այլ մասնակիցներին ներկայացվեցին կազմակերպությունների կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղենիշները:

Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի Սյունիքի մասնաճյուղը՝ իր աշխատակազմով ու կամավորներով: Ներկայացվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ընթացիկ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի համայնքների միության հետ համատեղ: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսանում ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:

Ներկայացվեց նաև «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախաձեռնության ներքո իրականացվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը, որն իրականացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ): Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել բիզնես անդամ կազմակերպությունների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:

Նշենք, որ 1950թ. մայիսի 9-ին կատարվեց Եվրոպական միության ստեղծման առաջին քայլը, իսկ 1985թ. առաջնորդների` Միլանում կայացած գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր: Շարունակելով վերջին վեց տարիների ավանդույթը` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպում է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ` Հայաստանում խաղաղությունն ու միասնությունը միասին տոնելու համար: