«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ընտրվելու են քաղաքացիական հասարակության շուրջ 100 կազմակերպություններ, նախատեսվում է, որ 60-ը լինելու են ՀՀ մարզերից, իսկ 40-ը ներկայացնելու են Երևանը։ Այս մասին այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած ՔՀԿ-ների երկրորդ Ֆոկուս խմբի մասնակիցներին տեղեկացրեց Սյուզաննա Սողոմոնյանը, ով նույն ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգողն է։
Նա նաև հաղորդեց, որ ընտրված ՔՀԿ-ները անցնելու են դասընթացներ, որոնք նախ միտված են լինելու կազմակերպությունների մոնիթորինգի կարողությունների զարգացմանը, երկրորդը՝ փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման հմտությունները տրամադրմանը, երրորդը՝ քաղհասարակության կազմակերպությունների և կառավարության միջև երկխոսություն ծավալելուն, վերջին՝ չորրոդ հմտությունն ուղղված է լինելու կոալիցիաների ստեղծման կարողությունների զարգացմանը։
Ընտրված ՔՀԿ-ներից 15-ը, որոնք մինչև 2017թ․-ի վերջը կստեղծեն կոալիցիաներ, հնարավորություն կստանան մասնակցել երկրորդ փուլին, որի ընթացքում առավել խորացված հմտություններ են փոխանցվելու։
Ծրագիրն ունի ենթադրամաշնորհային խոշոր բաղադրիչ՝ 875 հազար եվրոյի չափով, դրամաշնորհներ են տրամադրվելու շուրջ 24 ՔՀԿ-ների և կոալիցիաների, նպատակը երկուսն է՝ թիրախային ոլորտներում մոնիթորինգների իրականացում և քաղաքականությունների մշակում։
Այսօր Ֆոկուս խմբի անդամները կենտրոնացան հենց թիրախային խնդիրների վեր հանման գործընթացի վրա։
Սյուզաննա Սողոմոնյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի գրեթե ամբողջությամբ փոխվեց Հասարակական կազմակերպությունների մասին օրենքը․ «Սրա վերաբերյալ մենք ՔՀԿ-ներին տրամադրելու ենք անվճար խորհրդատվություն, այդ թվում՝ մասնագիտական խորհրդատվություններ ենք տալու, թե ինչպես ՀԿ-ները ճիշտ կանոնադրությունների մշակեն, որոնք կբխեն նոր օրենքից»,- ասաց ծրագրի համակարգողը։
Հանդիպումից հետո հասարակական կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչներ իրենց կարծիքը հայտնեցին առանցքային հարցերի շուրջ՝ մատնանշելով այն խնդիրները, որ ըստ իրենց առկա են մեր իրականությունում և հրատապ լուծման կարիք ունեն։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան