Եթե բոլորիս նպատակը մեկն է և կա համախբմվածություն այդ նպատկին հասնելու շուրջ, ապա արդյունքներն ակնհայտ կլինեն. այս միտքն էր շեշտվում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը:
Հանդիպմանը նախարարության կողմից ներկա էին նաև նախարարի տեղակալներ Սոնա Հարությունյանը, Աշոտ Մարգարյանը, սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Արտակ Ղազարյանը, Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի ղեկավար Արմեն Աբրահամյանը, իսկ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից` ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) նախագահ Ալեքսանդր Շագաֆյանը, ծրագրի ներկայացուցիչներ Քարլ Ուլբրիխտն ու Մարատ Ատովմյանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մանրամասնորեն ներկայացրեց ծրագրիրը, նշելով, որ ծրագրի շրջանակներում հզորացվելու են ՔՀԿ-ների կարողությունները` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական երկխոսություն իրականացնելու միջոցով տեղական և ոլորտային խնդիրները հատկորոշելու ու դրանց լուծումների վերաբերյալ հանրային քաղաքականություններ մշակելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության աջակացությամբ՝ 6 հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից և տևելու է 34 ամիս: Կոնսորցիումը ղեկավարում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Կարեն Զադոյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկել է դեկտեմբերի 15-ին և ներկայումս հանդիպումներ են կազմակերպվում տարբեր պետական մարմինների և ոլորտային դերակատարների պատասխանատուների հետ, քննարկվում են առկա խնդիրները և քարտեզագրվում է ՔՀԿ դաշտն ու կարողությունները: Կ. Զադոյանի խոսքով, այս ծրագիրը Եվրամիության կողմից իրականցվող ՔՀԿ-ների զարգացմանը ուղղված երեք խոշորագույն ծրագրերից մեկն է:
Նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ պարզապես փայլուն կարելի է գնահատել ծրագրի նպատակները և քննարկվում է ծրագրում նաև սոցիալական ապահովության ոլորտի ներառումը ծրագրում. «Բնակչության շուրջ 40 տոկոսը մեր շահառուներն են, և պարզ է, որ մեր ոլորտում խնդիրները շատ կարող են լինել»:
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին նաև այս ոլորտում առկա որոշակի խնդիրներ, երկկողմանի համաձայնություն ձեռքբերվեց հետագայում հանդիպումներ ունենալ՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումներ տալու համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Աստղիկ Կարապետյան
Ալեքսանդր Սարգսյան