«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար կազմը այսօր՝ փետրվարի 7-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ նոտարական պալատի նախագահի և մի շարք նոտարների հետ:
Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:
«Մենք ծրագիր ենք ներկայացրել, որի շնորհիվ պետք է ուժեղացվեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որպես թիրախային ընտրել էինք արդարադատության, բիզնեսի և կրթության ոլորտները, սակայն ԵՄ-ի հետ բանակցություններից հետո որոշեցինք ընդլայնել ոլորտները և այժմ քննարկվում են ևս վեց ոլորտներ ընդգրկելու հարցը: Նախատեսվում է, որ արդարադատության ոլորտի դերակատարների հետ քննարկումներից միջոցով ոլորտի խնդիրները վերհանելուց հետո կհատկորոշվի ոլորտի հիմնախնդիրը, որից հետո կմշակվեն հիմնախնդրի լուծման սցենարները, որոնցից փորձագիտական քննարկումներից հետո կառանձնացվի այն հիմնական իրատեսական սցենարը, որի առանցքի շուրջ կմշակվի հիմնախնդրի լուծման հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրը»,-իր խոսքում նշեց Կարեն Զադոյանը:
ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը ողջունեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար կազմին պալատում և պատրաստակամություն հայտնեց համագործակցության համար: «Ինչպես բոլոր ոլորտներում, մեր ոլորտում նույնպես կան խնդիրներ, որոնցից առաջինն, իմ կարծիքով, հասարակության իրազեկվածության խնդիրն է, այդ թվում նաև նոտարի կողմից մատուցվող ծառայությունների և պետական տուրքերի վճարների մասին»,-նշեց Վ.Հովսեփյանը:
Հանդիպման ընթացքում նոտարների կողմից բարձրացվեցին և քննարկվեցին մի շարք խնդիրներ ու հարցեր, այդ թվում կապված նաև նոտարական պալատի ինքնակառավարման ուժեղացման, սահմանամերձ գոտիների և առհասարակ մարզաբնակ քաղաքացիների ոչ բավարար իրազեկվածությանհարցերի հետ կապված:
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել նմանատիպ աշխատանքային քննարկումները և առավել ուժեղացնել առկա համագործակցությունը: