Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման աշխատանքները, սոցիալական և պետական սուբսիդավորման ոլորտների կոռուպցիոն խնդիրները ու այլ հարցեր այսօր քննարկվեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին:
Նիստը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, նա տեղեկացրեց, որ օրակարգը հագեցած է, ներառված են 9 հարցեր:
Կառավարման խորհրդի անդամները նախ հաստատեցին կոալիցիայի 2017-2019թթ. ռազմավարական պլանը և 2017-2018թթ. կայունության և ֆինանսական միջոցների հայթայթման ռազմավարությունը:
Կարևորագույն հարցերից մեկը հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման ընթացիկ աշխատանքների ներկայացումն էր: Կարեն Զադոյանը նիստի անդամներին տեղեկացրեց վերջին իրադարձությունների մասին, նա ասաց, որ 2016թ. դեկտեմբերի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ:
Խորհրդի անդամների քննարկումները հանգեցին նրան, որ անհրաժեշտ է այս խմբում ընդգրկել նաև կոալիցիայի ներկայացուցչին, հակառակ պարագայում աշխատանքային խմբի կողմից մշակած վերջնական փաստաթղթերը չեն կարող արտահայտել հասարակության իրական սպասելիքները: Խորհրդի անդամները նաև քննարկեցին կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետների կողմից մշակված «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի մասին» օրենսդրական փաթեթի նախագծի առաջին տարբերակը և որոշեցին, քննարկման համար, այն ուղարկել Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին:
Այնուհետև քննարկվեց ՀՀ կառավարությանը կից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցության և չորս ՀԿ-ների ընտրության հարցը: Որոշվեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կներկայացնի կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
Խորհրդի աշխատանքների ընթացքում քննարկվեց նաև սոցիալական ոլորտի խնդիրները, Կարեն Զադոյանը հիշեցրեց, որ դեռևս 2 տարի առաջ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործարկած հակակոռուպցիոն կենտրոններում վեր են հանվել այս համակարգի կոռուպցիոն ռիսկերը և տրամադրվել համապատասխան մարմիններին, նրա խոսքերով՝ այս ոլորտն առողջացնելու լավագույն եղանակներից մեկը ոլորտը ՀՀ հակակռուպցիոն ռազմավարության թիրախային ոլորտների ցանկում ընդգրկելն ու համապարփակ ծրագիր մշակելը և իրականացնելն է: Կառավարման խորհուրդը որոշեց առաջիկայում այս խնդիրը ներկայացնել ՀՀ կառավարություն:
Քննարկվեցին նաև պետական սուբսիդավորման, մասնավորապես պարարտանյութերի շուկայում առկա կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները, հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսևորումները, խոսելով այս վերջին խնդրից Կարեն Զադոյանը նշեց, որ հողհատկացումների ժամանակ առկա է վարչական կոռուպցիա և ամեն օր քաղաքացիները դրա հետ բախվում են: Խորհրդի անդամները որոշեցին համատեղ քննարկումներ սկսել կառավարության հետ և լուծումներ առաջարկել:
Բացի այդ, քննարկվեց «Հասարակական ձայն» և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային անդամակցության հարցը: Որոշվեց վերջինների կողմից անդամակցության հայտը բավարարել, որի արդյունքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ներկայումս բաղկացած է 90 անդամից:
Հարկ է նաև նշել, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը 2017թ. հունվարի 9-ին Իրավաբանների հայկական ասոցիացիային և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային դիմել էր տրամադրել համապատասխան ուսումնասիրություններ կամ միջազգային փորձ` ուղղված ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1141-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսված` քաղաքական որոշումներ կայացնողների գործունեության հրապարակայնության նվազագույն չափանիշների սահմանմանը: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի նիստի ժամանակ որոշվեց խնդրել «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը կատարել վերոնշյալ ուսումնասիրությունը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները խորհրդի անդամները քննարկման համար ներկայացրեցին նաև այլ հարցեր, մասնավորապես ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Արտակ Մանուկյանը խոսեց էլեկտրոնային ռեգիստրի խնդրից, նա ասաց, որ մի շարք պաշտոնատար անձիք իրենց ընկերություններ գրանցված են ԼՂՀ-ում և ոչ մի կերպ հնարավոր չի լինում պարզել, նա առաջարկում է ներդաշնակել ոլորտը և միասնական էլեկտրոնային ռեգիստրի համակարգ ստեղծել: Նշվեց, որ այս խնդիրը քննարկվել է նաև անցած տարի՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ և այդ հարցը արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն, սակայն խորհրդի անդամները որոշեցին կրկին դրան անդրադառնալ՝ համապատասխան գրություն ուղարկելով Վարչապետին:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը հայտարարություն արեց նիստի ժամանակ, նա նշեց, որ դեղերի գնումների ոլորտը խնդրահարույց է, ըստ մասնագետի՝ սերտիֆիկատներ են ստանում բավականին կասկածելի ընկերություններ, ինչը հղի է լուրջ ռիսկերով: