Տեղի ունեցավ «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» աշխատաժողովը

Բիզնես ոլոտում առկա կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու և դրանց լուծման եղանակները տրամադրելու համար շուրջ մեկ տարի առաջ սկսվեցին ոլորտի, քաղաքացիական հասարակության և պետության ներկայացուցիչների համատեղ քննարկումները:
Բիզնեսը սկսեց խոսել ու բարձրաձայնել խնդիրների մասին, որոնք տարիներով այդպես էլ մնացել էին անլուծելի:
«Շուրջ մեկ տարի է իրականացվում են գործողություններ` կապված բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի ախտորոշման հետ, տրվում են լուծումներ: Հիմնականում ներկայացրել ենք խնդիրների այն փունջը, որոնք առկա են եղել պետական գնումների ոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել կառավարության հետ, արդեն կան հանձնարարականներ»,- այսօր` հոկտեմբերի 29-ին, «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» թեմայով ամփոփիչ աշխատաժողովի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
Նա գտնում է, որ սա լավ միջոց է խնդիրները հատկորոշելու և դրանց լուծում տալու տեսանկյունից: Կարեն Զադոյանի համոզմամբ` հարկավոր է նաև հաշվի առնել նոր կառավարության ծրագիրը, որտեղ ամրագրված են ինչպես հակակոռուպցիոն մեխանիզմներ, այնպես էլ բիզնես միջավայրի զարգացմանը միտված դրույթներ. «Ներկայումս կառավարության գործելաոճի տրամաբանության մեջ փոփոխություն է արձանագրվել, կար ժամանակ, երբ հանրային սեկտորի և պետական մարմինների տրամաբանությունն այլ էր, հիմա` այլ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք ընդհանուր հայտարարի ենք գալիս, որպեսզի զարգացնենք բիզնեսը ու հանրությունը տեսնի առաջընթաց իր կյանքում»,- ամփոփեց բանախոսը:
Այս աշխատաժողովի իրականացնողները Իրավաբանների հայկական ասոցիացիան ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան են, գործընկերները` ՀՀ արդարադատության նախարարությունը և Իմֆորմացիայի ազատության կենտրոնը, միջոցառումը ֆինանսավորվում է ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի միջոցներով, համաֆինանսավորվում` «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից: Աշխատաժողովը կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջնակներում:
«Արդեն հասել ենք այն փուլին, երբ կարող ենք ինչ-որ եզրակացություններ ունենալ ու հասկանալ, թե արդյոք այս ձևաչափը հաջողության հասա՞վ ու կաշխատի՞ այն, ինչ փորձում էին իրականացնել ամբողջ տարի»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը:
Նշենք, որ բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու համար կազմակերպիչները չեն սահմանափակվել միայն Երևանով, քննարկումներ են ծավալվել նաև մարզերում:
Այսօրվա աշխատաժողովին մասնակցում էին նաև պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներ: Նրանցից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը շեշտեց, որ ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ՊԵԿ-ում մեծ կարևորություն է տրվում կոռուպցիայի դեմ պայքարին. «Մեր համար կարևոր է այս ձևաչափով աշխատանքնեը, քանի որ դրանց ժամանակ վեր են հանվում այնպիսի խնդիրներ, որոնք շատ հաճախ մեզ` պետական մարմինների ներկայացուցիչներիս հասանելի չեն»,- փոխանցեց պարոն Մնացականյանը և հավելեց, որ արդյունավետ են եղել նաև նախորդ քննարկումները. «Այդ հանդիպումների արդյունքում ձևավորվել են մի շարք թիրախային հարցեր ու խնդիրներ, որոնք համատեղ ուժերով պատրաստ ենք լուծելու և առաջ գնալու, որպեսզի համակարգից վերանան ռիսկերը»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանի խոսքերով` գերատեսչությունը մեծապես կարևորում է փոխադարձ կապի ապահովումը տնտեսվարողների հետ, այս տեսանկյունից նա արդյունավետ համարեց կազմակերպած աշխատաժողովը. «Այս աշխատաժողովն ու այն որոշումները, որոնք կընդունվեն մեծապես արդիական են ներկայիս տնտեսության պայմաններում»,- շեշտեց նա:
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը, ի թիվս այլ խնդիրների, առանձնացրեց նաև երկուսը` գործարքի գնի մեթոդի կիրառման ու պլանավորման ոլորտում: Բացի այդ, նա խոսեց նաև ակնհայտ կոռուպցիա պարունակող ոլորտներիվ, որոնցից թիրախայինը հարկային տեսուչ և տնտեսվարող կապի շրջանակներում է ձևավորվում. «Ես օրինակ կբերեմ բոլորովին վերջերս արձանագրված դեպքից, երբ տեսուչի կոռուպցիոն գործունեության հետ կապված նրան մեղադրանք առաջադրվեց: Այս խնդիրը դեռևս գոյություն ունի»:
Կոռուպցիա առկա է նաև սուպերմարկետների հետ գործարքներում. «Երբ փոքր կամ միջին բիզնեսի ներկայացուցիչները, ապրանք արտադրողները այն մատակարարելիս սուպերմարկետների դրդմամբ գնում էին ապօրինի քայլերի: Սուպերմարկետներն ասում էին, որ հաշիվ ապրանքագիր չբերեք, սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- նշեց ոլորտի մասնագետը:
Այս և այլ խնդիրները լուծելու համար հարկավոր է բիզնեսին և քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել ոչ միայն օրենսդրության, այլ նաև կառավարության որոշումների մշակման գործընթացին:
Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը կարծում է, որ բիզնես միջավայրի և կոռուպցիայի դեմ պայքարի համար նախ և առաջ պետք է պարզեցնել օրենսդրությունը և վարչարարությունը. «Բարդ ու անհասկանալի օրենքները դժվարացնում են աշխատանքը, կենսական նշանակություն ունի մաքսային վարչարարության պարզեցումը, որքան պարզ է վարչարարությունը, այնքան մարդիկ հեշտ են աշխատում ու կախման մեջ չեն ընկնում մաքսային տեսուչից»,- շեշտեց բանախոսը:
Առանցքային խնդիր է նաև գործարքի գնի կիրառումը, մասնագետն ասում է. «Մաքսային մարմիններն այն չեն կիրառում, ինչը հարված է հասցնում տեղական արտադրողներին»:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի ղեկավար Դիանա Սարումովան էլ առաջնային է համարում պետական գնումների ոլորտի կարգավորումը. «Շատ դեպքերում տնտեսվարողներն ասում են` իմաստ չունի դիմել պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար, քանի որ արդեն պարզ է, թե ով է ընտրվելու, իրականում նման խնդիրները չեզոքացնելու համար հարկավոր է գործընթացը դարձնել առավել թափանցիկ»,- իր մտահոգությունը կիսեց տիկին Սարումովան:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը համակարգային զարգացման լավագույն մեթոդը համարում է անձանց փոփոխությունը. «Նույն Վրաստանի օրինակը բերեմ` փոխեցին մարդկանց, փոխվեց իրավիճակը: Մեր դեպքում էլ` փոխեք մաքսայինի աշխատողներին, կլինի դրական առաջընթաց: Եթե մարդ 20 տարի շարունակ կաշառք է վերցրել, ապա ինչ էլ անես արդյունք չի տա, քանի նրան չես փոխում, համակարգը չի կարգավորվի»,- կարծում է պարոն Հարությունյանը:
ԻՀԱ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարիամ Զադոյանի խոսքերով` գնումների ոլորտի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու լավագույն միջոցը իրական սեփականատերերի բացահայտումն է: Նրա փոխանցմամբ` պետական գնումների ոլորտը պետք է հնարավորինս թափանցիկ լինի, ինչը կնվազեցնի նաև օֆշորներից եկող վտանգները:
Տնտեսական հարցերով փորձագետ, ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանի տվյալներով` գնումների համակարգը խարիսխված չէ ավելի մրցունակ ներքին ստանդարտների ստեղծմանը: Մասնագետն ուսումնասիրել է ու եկել հետրևյալ եզրահանգման` Էլեկտրոնային գնումներով իրականացված մրցույթների 20 տոկոսը չեղյալ է համարվում. «Այս համակարգը վստահելի չէ ու ոչ մատչելի առնվազն ՓՄՁ-ի համար»,- ընդգծեց նա:
Գնումների ոլորտում լրագրողական հետաքննությունների արդյունքում ի հայտ եկած կոռուպցիան ռիսկերի մասին խոսեց Իրավաբան.net կայքի հետաքննող լրագրող Աստղիկ Կարապետյանը:
Այնուհետև ոլորտային կարևորագույն խնդիրներին անդրադարձավ ԻՀԱ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը: Տնտեսագետ Բաբկեն Թունյանն և տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը անդրադարձան մենաշնորհներին:
Հաջորդ օրը շարունակվեցին քննարկումները: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը հայտնեց, որ Համաշխարհային բանկի Doing Business նախագծի ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում պահեստ կառուցելու թույլտվություն ստանալու փաստաթղթային գործընթացը 84 օր է տևում և վերջնական թույլտվություն ստանալու համար պետք է անցնել 18 էտապով:
Ի պատասխան այս հարցին՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանը հայտնեց, որ բուն շինթույլտվության գործընթացը տևում է 30 օր, իսկ մյուս օրերին կատարվում են ստուգումները այլ մարմինների կողմից:
Աշխատաժողովի առաջին մոդուլի ընթացքում քննարկվեցին լիցենզիաների թույլտվության ոլորտում առկա հիմնական խնդիրները: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկեր են նկատել շինարարական լիցենզիաների տրամադրման ոլորտում: Մասնավորապես, եթե նախկինում ընկերությունը ստանում էր մեկ տիպի լիցենզիա, այժմ շինարարության տարբեր ոլորտների դեպքում տարբեր լիցենզիաներ պետք է ստանալ և յուրաքանչյուրի համար վճարել 80 հազար դրամ պետական տուրք: Եվ այդ թույլտվությունը ստանալու համար պահանջվում են փաստաթղթեր, որոնց վերաբերյալ օրենսդրությունը հստակ կարգավորումներ չի սահմանում:
Գործում են միջնորդ կազմակերպություններ, որոնք գումարի դիմաց հավաքում են այդ փաստաթղթերը և ստանում լիցենցիան: Իսկ եթե չես դիմում այդ կազմակերպություններին, ապա թույլտվություն ստանալու գործընթացը կարող է ամիսներ տևել:
Փոքր բիզնես ունեցողների համար խնդիրներ է առաջացնում նաև «Գովազդի մասին» օրենքի անկատարությունը. փոքրիկ ցուցանակները, որոնցով հուշում է արվում, որ այս կամ այն հատվածում խանութ կա, դիտարկվում է գովազդ, և ստիպված են նաև այդ ցուցանակների համար տուրքեր վճարել:
Աշխատաժողովի երկրորդ մասում աշխատանքային խմբեր ստեղծվեցին և քննարկվեցին մաքսային և հարկային, պետական գնումների և տնտեսական մրցակցության ու լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման ոլորտներում առկա հիմնախնդիրները:
Այսպես, մաքսային և հարկային ոլորտում հիմնական խնդիրները վերաբերում են մաքսազերծման գործընթացն առավել մատչելի դարձնելուն, առաջարկվում է մշակել և հրապարակել հուշաթերթիկներ, թե գործարքի գնի մեթոդը կիրառելու համար պահանջվող փաստաթղթերը ինչպես պետք է լրացվեն և որոնք են այդ փաստաթղթերը:
Պետական գնումների ոլորտում նույնպես կարևորվեց թափանցիկության խնդիրը. մասնավորապես՝ առաջարկվում է պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ մատչելի լինեն, պետական գնումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքերը ավելի մատչելի և ամբողջական տեղեկություններ պարունակեն, և այլն:
Տնտեսական մրցակցության և լիցենզիաների տրամադրման ոլորտում առաջարկվեցին օրենսդրական բարեփոխումներ, որևէ տնտեսվարողի արտոնություններ տալուց առաջ հետազոտել դրանց ազդեցությունը փորք և միջին բիզնեսի վրա, ապահովել գործընթացների թափանցիկություն, և այլն:
Այնուհետև ամփոփվեցին վերհանված խնդիրները, որոնք կհամակարգվեն և կներկայացվեն կառավարությանը: