Տաթևիկ Գրիգորյան

Ծնվել է 1984թ.-ին Երևանում: 2000-2002թթ. սովորել և միջնակարգ կրթությունն ավարտել է Բրատիսլավայում, Սլովակիա: 2004թ.-ին ավարտել է Լոնդոնի Հոլբորնի անկախ դպրոցը` ուսանելով իրավունք, հնագույն պատմություն, իսպաներեն և մասնագիտանալով քրեական իրավունքի բնագավառում: Այժմ սովորում է Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում և մասնագիտանում է քաղաքացիական և քրեական իրավունքի, ԵՄ իրավունքի, միջազգային իրավունքի ոլորտներում: Տաթևիկը հանդիսանում է “Մարդիկ ընդդեմ ռասիզմի” ՀԿ-ի անդամ: Հանդիսացել է ամենամյա բարեգործական ուսանողական երթի կազմակերպիչներից, որի հասույթը տրամադրվել է ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ով հիվանդների բուժման նպատակներին: Հանդիսանում է Իրավաբանների համայնքի և Լոնդոնի հայկական համայնքի անդամ:
Տաթևիկի նախասիրություններից են սպորտը, ճանապարհորդությունները, դաշնամուրը, ընթերցանությունն ու լեզուները: Նա տիրապետում է հայերեն, սլովակերեն, անգլերեն, չեխերեն և իսպաներեն լեզուներին:
Տաթևիկ Գրիգորյան. “Լինելով իրավաբան ուսանող և հայ` ես մտադրվել եմ իրագործել երկու նպատակ. մեկը` գործնականում կիրառել իմ գիտելիքները և երկրորդ` իմանալ թե ինչպես է աշխատում Հայաստանի իրավական համակարգը` գտնելու համար Հայաստանի հետ հնարավոր մասնագիտական կապեր իմ կարիերայի ընթացքում: Գտնում եմ, որ ՀԵԻԱ-ում կամավորական աշխատանքը շատ լավ հնարավորություն է կիրառելու իրավաբանի մասնագիտությունը գործնական, աշխատանքային միջավայրում և միաժամանակ աջակցել կազմակերպությանը իմ գիտելիքներով լեզվի և իրավունքի բնագավառում և հատկապես լինել մի կազմակերպության մասնիկը, որը կենսական նշանակություն է ունեցել Հայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանության զարգացման ու կայացման գործում”:

ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում Տաթևիկն աշխատել է 2006թ.-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: Կամավորական ծրագրի ընթացքում նա մասնակցել է ՀԵԻԱ-ի իրավաբանների կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվություններին, ինչպես նաև ուսումնասիրել է ընթացիկ դատական գործերը: Տաթևիկը հանդիպումներ է ունեցել ՀԵԻԱ-ի համակիր անդամների և ուսանողների հետ և զրուցել ընդհանուր հետաքրքրության մասնագիտական ամենատարբեր թեմաների շուրջ:
Ծրագրի ընթացքում Տաթևիկը թարգմանել է հրատարակվող ամենամսյա “Իրավաբանական լրատու”-ի առաջին երկու համարները: Լրատուն տպագրվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում:
Իրավաբանական լրատուում վեր են հանվում Հայաստանի իրավական և օրենսդրական դաշտի խնդիրները, ներկայացվում են իրավական ու օրենսդրական դաշտի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ: Լրատուն կատարում է Հայաստանի իրավաբանական դաշտի վերլուծություն, դատավորների, փաստաբանների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար մասնագիտական էթիկայի քարոզում: Այն նպատակ ունի ներկայացնել միջազգային արդի իրավաբանական պրակտիկան և նպաստել Հայաստանի իրավաբանների նոր սերնդի կրթմանը: Առաջիկա ամիսներին կտպագրվեն լրատուի տասներկու համարներ, որոնք նախատեսվում է ևս թարգմանել անգլերեն և տարածել շահագրգիռ կառույցների ու անձանց շրջանում: