Ամփոփվեցին ԻՀԱ-ի կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի արդյունքները

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության՝ ներկայիս հակակոռուպցիոն համագործակցության հարթակը լավագույն ֆորմատն է՝ Հայաստանում արդյունքների հասնելու համար, և հաջողություն ունենալու դեպքում այս փորձն ուսանելի կլինի այլ երկրների համար․ այս մասին այսօր Վանաձորում կազմակերպված հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդատու Ալեսանդրո Զանոտտան։

«Լուծումները դուք՝ ՀՀ մարմինները և քաղաքացիական հասարակությունը, պետք է գտնեք միասին` ոգեշնչվելով նորարարական և հզոր ՏՏ մոդելներից, որոնք օգտագործվում են եվրոպական երկրներում, ինչպես, օրինակ, Էստոնիայում: Սա է ճիշտ ֆորմատը։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար, եթե կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվի արդյունավետորեն և ցույց տա կոնկրետ արդյունքներ», – ասաց Ա․ Զանոտտան։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց կարևորագույն նվաճումները, մասնավորապես, որ ներկայումս վարչապետի հանձնարարականով մշակվում են հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու և ապօրինի հարստացումը քրականացնելու վերաբերյալ օրինագծեր՝ հիմնված Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջարկությունների հիման վրա։ Կ․ Զադոյանը նշեց, որ նախատեսվում է Կոռուպցիայի դեմ պայքարի առաջիկա նիստի ժամանակ քննարկել նաև բիզնես, այդ թվում մաքսային և հարկային ոլորտում առկա կոռուպցիոն խնդիրները և ներկայացնել մեր կողմից Կառավարություն-Բիզնես-ՔՀԿ-ներ ֆորմատով քննարկումների ժամանակ հնչեցված առաջնահերթ կարևորության առաջարկությունները՝ ոլորտներում բարեփոխումներ սկսելու համար։

Նշենք, որ հուլիսի 29-ին ամփոփվեցին «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագրի արդյունքները, որը իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում՝ փոքր դրամաշնորհային ենթածրագրով։