Տավուշի ՇՊԱԿ էր դիմել Արտակ Ոսկանյանը, ծնված 1975թ.-ին, և հայտնել, որ ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը, ի դեմս Ոստիկանության Իջևանի բաժնի անձնագրային բաժանմունքի, իր Խորհրդային նմուշի անձնագիրը չի փոխարինում ՀՀ քաղաքացու անձնագրով, պատճառաբանելով, որ զինվորական հաշվառում չունի:
Ա. Ոսկանյանը հաշվառված է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում: Նրա անձնագրավորման գործընթացի` փակուղու մեջ լինելու պատճառ էր հանդիսանում այն, որ ժամանակին ինչ-ինչ պատճառներով դուրս մնալով զինվորական հաշվառումից, չի հանդիսացել զինապարտ, չի անցել զինվորական ծառայություն և չուներ համապատասխան զինվորական փաստաթղթեր: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ 19 տարեկան հասակում Ա. Ոսկանյանը կամավոր ներկայացել է Իջևանի զինկոմիսարիատ իրեն հաշվառման վերցնելու նպատակով, սակայն պատասխանել են, թե իր անունը բացակայում է ցուցակներից և իրեն «կկանչեն» հետագայում:
Ա. Ոսկանյանը իր զինվորական հաշվառման խնդրանքով պարբերաբար դիմել է Իջևանի զինկոմիսարիատ, սակայն ստացել է պատասխան, թե իր զինվորական հաշվառման հարցը կարող է լուծվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին¦ ՀՀ օրենքի շրջանակներում` օրենքով սահմանված 1մլն. 800 հազար (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելու դեպքում, այն պարագայում, երբ Արտակ Ոսկանյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից:
Իր անձնագրավորման խնդրի լուծման ակնկալիքով Ա. Ոսկանյանը դիմել է գրեթե բոլոր քիչ թե շատ իրավասու պաշտոնատար անձանց, սակայն ապարդյուն. բոլորը միաբերան պատասխանել են, որ Ա. Ոսկանյանի զինվորական հաշվառման հարցը կարող է լուծվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին¦ ՀՀ օրենքի շրջանակներում, որից հետո նրան կտրամադրվի անձնագիր:
20.05.2010թ. Տավուշի ՇՊԱԿ-ը դիմել է Իջևանի անձնագրային բաժանմունք` խնդրելով պարզաբանել, թե ինչ հիմքերով է մերժվել Ա. Ոսկանյանին ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրումը:
24.05.2010թ. ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Իջևանի անձնագրային բաժանմունքը պատասխանել է, որ Ա. Ոսկանյանին ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրումը մերժվում է զինվորական հաշվառում չունենալու պատճառով:
Տավուշի ՇՊԱԿ-ի փաստաբան Արփինե Եղիկյանի կողմից կազմվեց և 03.09.2010թ. ՀՀ Վարչական դատարանին ներկայացվեց հայց ընդդեմ ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Իջևանի Անձնագրային բաժանմունքի` Ա. Ոսկանյանին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանի 10.11.2010թ. վճռով հայցը բավարարվեց` պարտավորեցվեց ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Իջևանի անձնագրային բաժանմունքին Արտակ Ոսկանյանին տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագիր:
26.11.2010թ. ՀՀ Ոստիկանության ԱՎՎ կողմից վճռի դեմ բերվեց բողոք:
29.03.2011թ. բողոքը քննվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում և որոշման հրապարակման օր է հայտարարվել 10.05.2011թ.:
Սակայն մինչ դատարանի կողմից որոշման հրապարակումը Իջևանի զինկոմիսարիատի կողմից Ա. Ոսկանյանը վերցվեց զինվորական հաշվառման` առանց որևէ գումարի վճարման, իսկ 11.04.2011թ. գործով պատասխանող ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Իջևանի անձնագրային բաժանմունքի կողմից Արտակ Ոսկանյանին տրամադրվեց ՀՀ քաղաքացու անձնագիր:
Ա. Ոսկանյանը ուներ նաև լուրջ առողջական խնդիրներ, որոնք պահանջում էին անհապաղ լուծում վիրահատական ճանապարհով, սակայն հիվանդանոցները հրաժարվում էին իրականացնել վիրահատություն առանց անձը հաստատող փաստաթղթի, իսկ Կառավարության լիազոր մարմինը հրաժարվում էր տրամադրել անձը (ինքնությունը) հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: Տավուշի ՇՊԱԿ-ի օգնությամբ Ա. Ոսկանյանին մինչ անձնագրի տրամադրումը տրամադրվեց անձը (ինքնությունը) հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, և նա կարողացավ ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը:
Ներկայումս Արտակ Ոսկանյանն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կստանա նաև զինվորական գրքույկ: