Եթե պաշտոնյան չկարողանա հիմնավորել իր եկամուտների օրինական հիմքերը, կենթարկվի քրեական պատասխանատվության

Դեռևս անցած տարվա փետրվարին կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել Հակակոռուպցիոն խորհուրդ: Այս գաղափարը ողջունեցին միջազգային կազմակերպությունները, հայտարարեցին նաև, որ պատրաստ են ֆինանսավորել հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքները: Խորհուրդը ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը:

Հակակոռուպցիոն խորհրդի նիստերի ընթացքում իր առաջարկներն է ներկայացրել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց այն առաջարկների մասին, որոնք ներկայացրել է Հակակոռուպցիոն խորհրդի հերթական նիստում:

Ըստ Զադոյանի` ինքը ներկայացրել է իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և օֆշորային գոտիներից պետական գնումների մասնակցության արգելքի սահմանման վերաբերյալ, ինչպես նաև ապօրինի հարստացման քրեականացման և անկախ հակակոռուպցիոն մարմնի հետ կապված ուսումնասիրությունների հարցերը:

«Նախ կարևոր է հասկանալ` ի՞նչ է իրական սեփականատերը: Սահմանումը տրվում է Եվրամիության 4-րդ հրահանգի 3.6 հոդվածում: Իրական սեփականատերը ցանկացած ֆիզիկական անձ է, ով տիրապետում և վերահսկում է ընկերությունը, և որի անունից իրականացվում է գործարքը կամ գործունեությունը: Շատ դեպքերում, նաև` Հայաստանում, պետական գնումներին մասնակցում են ընկերություններ, որոնց իրական սեփականատերերը հայտնի չեն, օրինակ` օֆշորում գրացված ընկերություններ, որտեղ երևում է, որ սեփականատերերն իրավաբանական անձինք են` նույնպես օֆշորային այլ գոտիներում գրանցված, բայց իրական սեփականատերերը չեն երևում: ԵՄ-ն այսօր գնում է այն քաղաքականությանը, որ արդեն 2017 թվականից Եվրոպական Միության պետությունները կարողանան հիմնել կազմակերպությունների իրական սեփականատերերի ռեգիստրներ ու բացել այդ տվյալները: Սա շատ կարևոր է: Նման միջազգային փորձ կա նաև ԱՄՆ-ում, Համաշխարհային բանկի քաղաքականությունում և այլն»,- ասաց Զադոյանը` հավելելով, որ տարբեր պետություններ արդեն որդեգրել են նման քաղաքականություն, այդ թվում` Բուլղարիան, Սլովակիան, Սլովենիան:

«Մենք կառավարության հակակոռուպցիոն խորհրդին առաջարկել ենք հետևյալը` նախ` պետք է գնումներն իրականացնող պետական մարմնին հասանելի լինենի գնումներին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի տվյալները, դրանք պետք է հասանելի լինեն նաև հանրությանը: Այս հարցերը շատ կարևոր են և միջազգային պրակտիկայում ընդունված կարգավորումներ են: Եթե դու հրապարակես քո իրական սեփականատերերին, չես ունենա շահերի բախում, իսկ շահերի բախման խնդրով արդեն պետական այլ մարմիններն են զբաղվելու, բնականաբար, իրավունք կունենաս մասնակցելու: Եթե ունենաս շահերի բախման խնդիր, ապա իրավունք չես ունենա մասնակցելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ներկայացրեց մյուս հարցերը, որոնք ևս բարձրացվել են նիստի ընթացքում: «Մյուս հարցը, որին անդրադարձ է եղել, ինստիտուցիոնալ մարմնի հետ կապված վերլուծություններն են: Արդարադատության նախարարի` այս տարվա հունվարի 22-ի թիվ 18 ա հրամանով ստեղծվել էր ինստիտուցիոնալ մարմնի իրականացումն ուսումնասիրող աշխատանքային խումբ, որում նաև Հայաստանի ՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիաներն են ներառված, ինչպես նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Շուրջ 35 երկրի փորձ է ուսումնասիրվել: Երկու մոդել առաջարկեցինք: Առաջինը ունիվերսալ մոդելն է, որը ներառելու է կարևորագույն գործունեության ուղղություններ` հակակոռուպցիոն կրթություն, հակակոռուպցիոն կանխարգելում և երրորդ`իրավական գործունեություն, այսինքն` քննչական գործունեություն, որտեղ կքննվեն բոլոր հանցագործությունները»,- ասաց Զադոյանը և ընդգծեց, որ բոլոր երեք գործառույթները փոխլրացնող են:

«Այստեղ նաև ռեսուրսների մոբիլիզացիա է գնում, որպեսզի ռեսուրսների անտեղի ծախսեր չլինեն, և բացառվում է գերատեսչական շահը: Երբ մրցակից` նույն ֆունկցիաները կատարող երկու գերատեսչություններն ավելի շատ իրենց գերատեսչական շահն առաջ տանեն, արդյունավետ չեն լինի աշխատանքները: Այս մոդելի անհնարինության դեպքում մենք առաջարկեցինք երկրորդ մոդելը` կանխարգելիչ, կրթական գործառույթները` մեկ կանխարգելիչ մարմնում, իսկ իրավապահ-քննչական գործառույթները` երկրորդ` քննչական մարմնում: Այս դեպքում վարչապետի կողմից հանձնարարական տրվեց, որպեսզի արդարադատության նախարարությունը ոլորտային կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում վերջնական ներկայացնի մոդելները, որից հետո Հակակոռուպցիոն կենտրոնը կընտրի` որ մոդելով Հայաստանն առաջ կշարժվի»,- նշեց Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով` իրական սեփականատերերի հարցով ևս արդարադատության նախարարությանը հանձնարարականներ են տրվել` երկամսյա ժամկետում օրենսդրական փաթեթ ներկայացնել կառավարություն և խորհրդարան:

«Խոսել ենք նաև ապօրինի հարստացման քրեականացման հետ կապված հարցի մասին: Սա նույնպես ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածի պահանջն է, իսկ այն նախատեսում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն կարող է դիտարկել այնպիսի իրավական կամ այլ միջոցների ընդունում, որոնք կարող են անհրաժեշտ լինել` քրեականացնելու համար մեղավորությամբ կատարված ապօրինի հարստացումը, այն է` հանրային ծառայողի ունեցվածքի էական աճը, որը նա չի կարողանում ողջամտորեն հիմնավորել` իր իրավաչափ եկամուտի առնչությամբ»,- ասաց Զադոյանը և հստակեցրեց, որ սա նշանակում է, որ մենք Քրեական օրենսգրքում կունենանք հոդված, ըստ որի` եթե պաշտոնատար անձը, հանրային ծառայողը չի կարող դատարանի առաջ հիմնավորել իր եկամուտների օրինական հիմքերը, կենթարկվի քրեական պատասխանատվության:

«Այս հարցով ևս 20 երկրների ուսումնասիրության փորձ կա, և, այդ արդյունքները ներկայացնելով, առաջարկեցինք, որպեսզի ապօրինի հարստացումը Հայաստանում քրեականացվի: Այս հարցով ևս հանձնարարական տրվեց արդարադատության նախարարությանը` համպատասխան փաթեթը պատրաստել երկամսյա ժամկետում`ԱԺ ներկայացելու համար»,- եզրափակեց Զադոյանը:

https://www.yerkir.am/news/view/109047.html