01.02.2011 թ. Երևանի ՇՊԱԿ է դիմել քաղաքացի Վարդան Ալեքսանյանը` հայտնելով, որ 25.01.2011 թ. ծանուցում է ստացել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևան ԳԳՄ «Աջափնյակ-Դավթաշեն» ՏԱՇԾ-ի կողմից, որով նրան հայտնում էին, որ գազահաշվիչի լաբորատոր ստուգաչափման արդյունքում պարզվել է, որ հաշվիչում առկա է արտաքին միջամտություն, և դադարեցնելով բնակարանի գազամատակարարումը իրենից պահանջում էին վճարել 197.960 ՀՀ դրամ: Քաղաքացի Ալեքսանյանը այդ խնդրով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակայն ապարդյուն. «ՀայՌուսգազարդ» պնդում էր իրենը` վճարել 197.960 ՀՀ դրամ: Երևանի ՇՊԱԿ-ի աշխատակիցները ուսումնասիրեցին խնդրի էությունը և ստանձնեցին քաղաքացի Ալեքսանյանի օրինական շահերի պաշտպանությունը: ՇՊԱԿ-ի աշխատակիցները քաղաքացուն պարզաբանեցին իր իրավունքների պաշտպանության ուղիները և կազմեցին հայցադիմում դատարան ներկայացնելու համար, սակայն գործը դրան չհասավ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակիցները տեղեկանալով, որ տվյալ խնդրով զբաղվում է Երևանի ՇՊԱԿ-ը, անմիջապես կապվել են քաղաքացի Ալեքսանյանի հետ և հրավիրել իրենց մոտ: Հանդիպման ժամանակ իրեն գրավոր հայտնել են, որ իր դիմումը լրացուցիչ քննարկվել է և արդյունքում պարզվել է, որ ինքը իր գազահաշվիչի նկատմամբ արտաքին միջամտություն թույլ չի տվել և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իր նկատմամբ որևէ պահանջ չունի: Արդյունքում Վարդան Ալեքսանյանը 197.960 ՀՀ դրամի փոխարեն վճարել է 19.996 ՀՀ դրամ` սպառված, բայց անսարք գազահաշվիչի կողմից չարձանագրված գազի վճարը, նոր գազահաշվիչ տեղադրելու և հին հաշվիչը վերանորոգելու համար: Կրկին այցելելով ՇՊԱԿ պարոն Ալեքսանյանը գրավոր հայտնել է իր շնորհակալությունը իրեն աջակցելու համար: Փաստորեն ՇՊԱԿ-ի և քաղաքացու հետևողականության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ևս մեկ իրավախախտումից: