Լուիզա Մանուկյանը 02.11.2010թ. դիմել է Երևանի ՇՊԱԿ՝ հայտնելով, որ ինքը 10.000 ԱՄՆ դոլար պարտք է վերցրել մի քաղաքացուց, սակայն չի կարողացել ժամանակին վերադարձնել այն։ Քաղաքացին դիմել է դատարան և պահանջել այդ պարտքը։ Դատարանը բավարարել է պահանջը՝ կայացնելով վճիռ: ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Ս.Ավետիսյանը, կոպտորեն խախտելով օրենքը, սահմանազանցելով դատարանի կայացրած դատական ակտը, արգելանք է դրել իրեն պատկանող գույքի վրա՝ 10.000 ԱՄՆ դոլարի փոխարեն /ինչպես որոշել է դատարանը/ մոտ 31.000 ԱՄՆ դոլարի չափով և փակել է իր խանութը՝ արգելելով աշխատել այն պարագայում, երբ ինքը խանութը վարձով է վերցրել և ամսական վարձ է վճարում վարձատուին։
Քաղաքացին կրել է մեծ վնասներ: Կարողացել է վճարել պարտքի մի մասը, սակայն մյուս մասը չի կարողացել, քանի որ եկամտի միակ աղբյուրը խանութն է եղել, որը հարկադիր կատարողն անօրինական կերպով փակել էր։
ՇՊԱԿ-ի փաստաբան Անահիտ Հակոբյանը հեռախոսով զրուցեց հարկադիր կատարող Ավետիսյանի հետ, բացատրեց վերջինիս կողմից կատարված օրենքի խախտման էությունը և հայտնեց, որ քաղաքացին իրավունք ունի բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները։ Հետևապես, բանակցությունների ճանապարհով հարցի չլուծման դեպքում այն կբողոքարկվի վերադաս մարմնին: Զրույցից անմիջապես հետո, տառացիորեն 5 րոպե անց, հարկադիր կատարողը զանգահարեց Լուիզա Մանուկյանին և ասաց, որ ինքը պատրաստ է բացել խանութը և հանձնել գույքը։
Պայմանավորված օրը հարկադիր կատարողը բացեց խանութը և հանձնեց ողջ ապրանքը։