«… Մարդկային ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության ու անկապտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է»… (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր):
Աշտարակ քաղաքի բնակչուհի Ս.Մելքոնյանը գրավ էր դրել իր ոսկյա զարդերը Աշտարակ քաղաքի բանկերից մեկում: Ամիսներ անց, համաձայն բանկի հետ կնքած պայմանագրի, հետ էր վերցրել իր ոսկյա զարդերը և չէր կարող անգամ պատկերացնել, որ գործարքն ավարտելուց երեք ամիս անց բանկից իրեն կարող են հայտնել, որ իր վերցրած ոսկյա իրերի մեջ ուրիշի զարդ է եղել: Բանկի աշխատակիցները Ս.Մելքոնյանին պարտադրում էին երկօրյա ժամկետում վերադարձնել զարդը: Պատահաբար իմանալով Արագածոտնի ՇՊԱԿ-ի մասին` Ս.Մելքոնյանն անմիջապես դիմում է ՇՊԱԿ-ի աշխատակիցների օգնությանը` խնդրելով վերականգնել իր բարի համբավը, որը հնարավոր էր արատավորվեր բանկի կողմից ներկայացված անհիմն մեղադրանքի պատճառով:
Արագածոտնի ՇՊԱԿ-ի կողմից հենց նույն օրը կազմվեց և տվյալ բանկի կառավարչին ուղարկվեց համապատասխան գրություն` խնդրելով կառավարչին` պարզել տեղի ունեցած թյուրիմացությունը և պատասխանատվության կանչել մեղավորներին: Բանկի կառավարիչն իր պատասխան գրությամբ տեղեկացրեց ՇՊԱԿ-ին, որ հետամուտ կլինի այդ հարցով:
Մի քանի օր անց ՇՊԱԿ-ի գրասենյակ եկավ Ս.Մելքոնյանը` հայտնելով, որ հարցը կարգավորվել է. կառավարիչը կանչել է իրեն, ներողություն խնդրել իր աշխատակիցների անփութության համար և հայտնել, որ մեղավորներն իր կողմից ենթարկվել են կարգապահական տույժերի:
«Անչափ երախտապարտ եմ ձեզ` իմ բարի անունը և արժանապատվությունը վերականգնելու համար», – ասաց Ս.Մելքոնյանը՝ ՇՊԱԿ-ի աշխատակիցներին ուղղված իր շնորհակալական խոսքում: