Սեփականության պաշտպանված իրավունքը ստեղծում է տնտեսական աճին նպաստող միջավայր: Ցավոք, սեփականության իրավունքի գրանցման և վիճարկվող սեփականության շուրջ վեճերի լուծման ընթացքում կոռուպցիոն դրսևորումները համատարած բնույթ են կրում հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ փոքր գյուղերում հայաստանցիներն ականատես են լինում, թե ինչպես են անբարեխիղճ ու կոռումպացված պաշտոնյաները վտանգում իրենց սեփականության իրավունքը:
Նման օրինակ է Էդիկ Աբրահամյանի հետ կատարվածը: Հինգ տարի Ռուսաստանում ապրելուց հետո Շիրակի մարզ վերադարձած Էդիկը հայտնաբերում է, որ հարևանն ապօրինաբար զավթել է իր սեփականությունը: Աբրահամյանը դիմում է գյուղապետին` խնդրելով միջամտել ու ազատել իրեն պատկանող տարածքը: Մերժում ստանալով` Էդիկը գյուղապետին խնդրում է պարզապես չափել իր հողատարածքը, ինչն ընդունված ընթացակարգ է սեփականությունը հաստատելիս: Գյուղապետը հրաժարվում է նաև դրանից: Այս ամենից Էդիկը եզրակացնում է, որ գյուղապետն ինչ-որ շահ ունի ապօրինի զավթումից:
Էդիկն այցելում է տեղի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ) և ներկայացնում իր խնդիրը: Շիրակի ՇՊԱԿ-ը հանդիսանում է հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության և աջակցության 11 կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն: Կենտրոնը հիշեցնում է գյուղապետին, որ տվյալ ընթացակարգն իրականացնելը մտնում է իր պարտականությունների մեջ: Գյուղապետը չի կարողանում Կենտրոնի իրավաբանների հետ զրույցում հիմնավորել իր մերժումը և շուտով իրականացնում է հողակտորի չափումը: Արդյունքում հստակեցվում են սեփականության սահմանները, և վերականգնվում է Էդիկի սեփականության իրավունքը վիճարկվող հողատարածքի հանդեպ:
ՇՊԱԿ-ներն իրենց արդյունավետ միջամտությամբ աջակցում են Էդիկի նման քաղաքացիներին: Շիրակի ՇՊԱԿ-ի համակարգող Լևոն Բարսեղյանը բացատրում է. – ՙԵս գերադասում եմ անձամբ հանդիպել վիճող կողմերին: Նման դեպքերում շատ հավանական է, որ վեճերը լուծվեն առանց դատարան հասնելու՚: Արդյունքից գոհ է նաև Էդիկը. – ՙՈւզում եմ շնորհակալություն հայտնել Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին և նրանց անձնակազմին` ինձ օգնելու համար: Նրանք շատ արագ լուծեցին իմ խնդիրը՚: