Պատերազմը բացահայտեց գեներալների և պաշտոնյաների կոռումպացված լինելու չափը

Ոչ մի հասարակություն չի ցանկանում պատերազմ, սակայն պարտադրված պատերազմը երկու արդյունք արձանագրեց: Առաջինը` զինվորների, կամավորների սխրագործությունները, և երկրորդ՝ մեր հասարկությանը տեսանելի դարձան կոռուպցիայի վնասակար հետևանքները մեր երկրում: Այս մասին այսօր «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Նա ընդգծեց, որ գեներալների, պաշտոնյաների ահռելի չափերի հասնող ունեցվածքի վերաբերյալ հրապարակումները մեր հասարակությանը ցույց տվեցին, թե որն է կոռուպցիան:

«Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, եթե կառավարությունը հասարակության հետ ընդհանուր պայքարում է»,- ասաց Զադոյանը և հավելեց, որ քաղաքացիական հասարակությունը ձեռք է մեկնում կառավարությանն՝ իրական արդյունքներ նվաճելու համար:

«Մեր երկրում համար մեկ խնդիրն անպատժելիության վերացումն է: Երկրորդ խնդիրը` ապօրինի հարստացած անձանց ոչ թե պետք է կուլակաթափ անել, այլ օրինական միջոցով, դատարանների միջոցով պետությանը վերադարձնել ապօրինի հարստությունները և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության»,- ասաց Զադոյանը և հավելեց, որ ներկայումս բավականին առաջ են գնացել և ստեղծված հակակոռուպցիոն հարթակի շրջանակներում համատեղ խումբ են ստեղծել:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր գործոն համարեց նաև հանրության շրջանում արդարադատության համակարգի, իրավապահ մարմինների գործողության նկատմամբ վստահության ամրապնդումը:

https://newsbook.am/?82313&l=am/