Դեռևս 2011թ.-ի օգոստոս ամսին Արարատի ՇՊԱԿ էր դիմել Արարատ քաղաքի բնակիչ Ա. Ն.-ը, և հայտնել, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից որպես պատասխանող ստացել է ծանուցագիր:
Գործի նախապատմությունը կայանում է հետևյալում. Ա. Ն.-ը, ունենալով նյութական խնդիրներ, մեկ այլ քաղաքացուց պարտքով գումար էր վերցրել, որի դիմաց որոշակի տոկոսներ պետք է վճարեր: Ժամանակ առ ժամանակ, նա վճարել է տոկոսները, սակայն վճարման դիմաց ստացական չի վերցրել: Պարտատերը իրավապահ մարմնի աշխատակիցներից մեկի հետ բարեկամական կապեր ունենալով, նրա միջոցով Ա. Ն.-ին կանչել են ոստիկանություն և ստիպել ստորագրել մի համաձայնագիր, որով շահառուն տալիս էր իր համաձայնությունը` պարտատիրոջը գումարը պարտք լինելու վերաբերյալ: Եվ հենց այդ համաձայնագիրն էլ, փորձել է օգտագործել որպես ապացույց` դատարան ներկայացնելու և նրանից նշված գումարը դատարանի միջոցով բռնագանձելու համար:
Սույն քաղաքացիական գործով 2011թ.-ի հոկտեմբերի 13-ին դատարանում կայացել դռնբաց դատական նիստ, որի ընթացքում գործում որպես վկա հրավիրված Ս. Վ.-ը կեղծ վկայություններ է տվել իր դեմ, փորձելով այդ ցուցմունքների ճնշման ներքո իրեն ստիպել վերցրած գումարից ավել գումար վճարել: Գործի ուսումնասիրությունից հետո, ՇՊԱԿ-ի օգնությամբ քաղաքացու անունից գրվել է միջնորդություն Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանին, որտեղ մատնանշելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը կապված դատարան ներկայացված ապացույցների կեղծ լինելու և վկայի կողմից կեղծ ցուցմունքներ տալու հետ, խնդրել է դատարանին դրա վերաբերյալ հայտարարություն ներկայացնել Արարատի մարզի դատախազություն:
ՇՊԱԿ-ի հետևողական աշխատանքների արդյունքում հայցվոր կողմը, գիտակցելով, որ իր ոչ օրինական գործողությունների շնորհիվ հնարավոր է հարուցվի քրեական գործ և վերջինս գործում ներգրավվի որպես մեղադրյալ, շտապում է հրաժարվել շահառունին ներկայացված հայցապահանջից և ետ է վերցնում հայցադիմումը, ինչի հետևանքով դատարանը կայացնում է գործի վարույթը կարճելու մասին որոշում: Արդյունքում, Ա. Ն.-ը ՇՊԱԿ-ի օգնությամբ կարողացավ պաշտպանել իր իրավունքները և օրենքով սահմանված կարգով ապացուցել իր անմեղությունը:
Ա. Ն.-ն իր երախտիքի խոսքը հայտնեց ՇՊԱԿ-ին` նշելով որ Կենտրոնի կատարած աշխատանքները և անշահախնդիր օգնությունը ստիպեց նրան վերականգնել իր իրավունքները և գտնել արդարությունը: