Քաղաքացի Ա.Ա.- ը պայմանագրային զինծառայության ընթացքում գլխիվայր ընկնելով 4մ 60սմ բարձրությունից, ստացել էր գլխուղեղի վնասվածք: ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության վարչությունը նրան տրամադրել էր 35.000 ամսեկան զինվորական թոշակ` պատճառաբանելով, թե դեպքը տեղի է ունեցել ծառայողի կողմից ոչ զինվորական պարտականությունների կատարման ժամանակ: Քաղաքացու հայրը, չհամաձայնվելով կայացված որոշման և նշանակված թոշակի չափի հետ, դիմել էր տարբեր ատյաններ, սակայն ապարդյուն: Նշենք, որ վայր ընկնելու միակ պատճառը եղել էր զորամասի հրամանատարության թերացումը. նրանք չէին տեղադրել աստիճանաբազրիքը և դեպքը տեղի էր ունեցել զինվորական պարտականությունների կատարման ժամանակ: 17.02.2010թ. հուսահատ հայրը դիմեց Արագածոտնի մարզի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն: Կենտրոնի իրավաբանները գործի ուսումնասիրությունից հետո գտնելով, որ քաղաքացու պահանջը հիմնավոր է, անհապաղ ձեռնարկեցին համապատասխան քայլեր: Մասնավորսպես, ՇՊԱԿ-ը դիմեց ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության վարչություն` թոշակի բարձրացման պահանջով: Այնտեղից մերժում ստանալով, Կենտրոնը դիմեց ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետին, որը խոստացավ բավարարել պահանջը, բայց չհետևեց դրա կատարման ընթացքին: Մինչև որոշակի արդյունքի հասնելը, շահառուն բնակություն հաստատեց Ապարան քաղաքում, որից հետո գործի լուծման խնդիրը ի հանձն առավ Ապարանի ՇՊԱԸ-ն: ՇՊԱԸ-ի իրավաբանը հայց ներկայացրեց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության` փոխհատուցման պահանջի մասին:
Ի վերջո, ՇՊԱԿ-ի` մեկ տարուց ավելի տևած հետևողական աշխատանքը` քաղաքացու իրավունքների պաշտպանության հաջող հանգուցալուծման գործում, տվեց իր ցանկալի և դրական արդյունքը: Սույն թվականի սեպտեմբեր ամսին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շահառուի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև կնքվեց հաշտության համաձայնություն, որի շնորհիվ քաղաքացու հաշմանդամության թոշակը բարձրացվեց ևս 10.000 ՀՀ դրամով:
Քաղաքացին անչափ երախտապարտ էր Աշտարակի ՇՊԱԿ-ին և Ապարանի ՇՊԱԸ-ին` ցուցաբերած օգնության և կատարած աշխատանքների համար, վերջինիս իր վստահելով իրավաբաններին` գտավ իր իրավունքների պաշտպաններին, որոնք, չհուսահատվելով գործի տևական ընթացքից, այն հասցրեցին հաջող հանգուցալուծման: