Դեռևս 2011թ.-ի հունիսի 2-ին Երևանի ՇՊԱԿ էր դիմել քաղաքացի Վ. Ե.-ը և հայտնել, որ նույն թվականի մայիսի 11-ից իր անձնագիրը անօրինական կարգով պահում է ՀՀ Երևան քաղաքի Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննիչ Ա. Ա.-ը: Քաղաքացի Վ. Ե.-ը իր բնակարանը վաճառելու նպատակով, 2000 ԱՄՆ դոլար գումար է վերցրել իր հարևան Ժ. Ա.-ից, ով 2011թ.-ի մայիսի 5-ին դիմել է ՀՀ Երևան քաղաքի Ոստիկանության Նոր-Նորքի բաժին` Վ.Ե.-ին մեղադրելով խարդախության մեջ: Նույն թվականի մայիսի 11-ից մինչև հունիսի 2-ը գործով նախապատրաստված նյութերով քրեական գործ չէր հարուցվել (ընդ որում պետք է նշել, որ հայտարարության ստացման պահից անցել էր ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված 10 օր, այլ` 23), Վ.Ե.-ին դատարավական կարգավիճակ չէր տրվել և իր անձնագիրը, փաստորեն, անհիմն էր պահվում ոստիկանությունում, ինչի արդյունքում քաղաքացին զրկվել էր իր իրավունքներն ու ազատություններն իրացնելու հնարավորությունից:
Հետաքննիչ Ա. Ա.-ի կողմից դիտավորությամբ կատարվել էին այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և վնաս էին պատճառել Վ.Ե.-ի իրավունքներին և օրինական շահերին:
Հաշվի առնելով այդ հանգամանքը Երևանի ՇՊԱԿ-ը 07.06.2011թ. գրություն էր հասցեագրել ՀՀ ոստիկանության պետին: 09.07.2011թ. պատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնակատար Է. Ղ.-ը հայտնել էր, որ ոստիկանության ծառայող Ա. Ա.-ի կողմից քաղաքացու անձնագիրը վերցնելու փաստով նշանակվել է ծառայողական քննություն, որի եզրակացությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` վերջինիս կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու համար: Դրանից հետո Երևանի ՇՊԱԿ-ը ոստիկանությունից որևէ այլ տեղեկություն չէր ստացել:
2011թ. դեկտեմբերի 15-ին Երևանի ՇՊԱԿ-ը գրություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին խնդրելով հայտնել ոստիկանության ծառայող Ա. Ա.-ի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցի քննարկման արդյունքների մասին: 5 օր անց, դեկտեմբերի 22-ին պատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը հայտնել է, որ ոստիկանության ծառայող Ա. Ա.-ի կողմից քաղաքացու անձնագիրը վերցնելու փաստով կատարված ծառայողական քննության եզրակացության հիման վրա` ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջը խախտելու համար, համաձայն “Ոստիկանությունում ծառայության մասին” ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի 21.07.2011թ. թիվ 610-Ա հրամանով` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Ա. Ա.-ին հայտարարվել է «նկատողություն»: