Սյունիքի ՇՊԱԿ է դիմել քաղաքացի Բ. Մ.-ը` իր խախտված իրավունքների վերականգնելու և հետագայում հնարավոր խախտումները կանխելու նպատակով:
Քաղաքացին Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցում գտնվող շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքի համասեփականատեր է: Նույն թաղամասի բնակչուհի Գ. Ա.-ի կողմից իրականացվում է խանութ-սրահի շինարարություն: Քաղաքացին հայտնեց, որ Կապանի քաղաքապետարանը Գ. Ա.-ին շինարարության թույլտվություն է տվել, առանց հաշվի առնելու շենքի բնակիչների անհամաձայնությունը և գազատարի առկայության հանգամանքը շինությանը մոտ գտնվող տարածքում:
Ընդ որում, կիսակառույց խանութ-սրահը չի համապատասխանում շինարարական նորմերի պահանջներին, լրացուցիչ բարդություններ է ստեղծում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար` փակելով ավտովարորդների տեսադաշտը:
Սյունիքի ՇՊԱԿ-ի իրավական միջամտության և կատարված աշխատանքների շնորհիվ Կապանի քաղաքային համայնքի ղեկավարի 07.02.2011թ. թիվ 62 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Գ. Ա.-ին տրված 30.10.2009թ. թիվ 82 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 29.12.2009թ. թիվ 71 շինարարության թույլտվությունը: Նույն որոշման 2-րդ կետով քաղաքաշինության բաժնի պետին հանձնարարվել է տրամադրել նոր ճարտարապետահատակագծային առաջադրանք` հաշվի առնելով Կապանի քաղաքապետի 02.11.2007թ. թիվ 554 որոշմամբ առաջադրված պայմանները:
18.07.2011թ. սկսվել են կիսակառույց խանութ-սրահի քանդման աշխատանքները:
Ի պատասխան Սյունիքի ՇՊԱԿ-ի գրություններին, Կապանի քաղաքապետի 19.07.2011թ. թիվ 1118 և 19.07.2011թ. թիվ 1119 գրություններով տեղեկացրել է, որ 17.09.2011թ. դրությամբ կառուցապատողը քանդել է իր կողմից կառուցված շինությունը, վերացրել հետևանքները և ներկա պահին ավարտվում է կառուցապատման իրավունքով տրամադրված տարածքը նախկին տեսքին բերելու աշխատանքները: