14.08.2012թ.-ին Կոտայքի հակակոռուպցիոն կենտրոն է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Վ. Մ-ն: Շահառուի խնդիրը կայանում էր նրանում, որ մոտ մեկ տարի առաջ գողացել են իր անասունը, ինչի մասին անհապաղ հարորդում էր տվել ոստիկանության Հրազդանի բաժին, սակայն երկար ժամանակ էր վերջնական լուծում կամ պատասխան չի ստացել: Ընդ որում, շահառուի հավաստմամբ, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ ինքը մոտ 8 ամիս առաջ ճանաչել է գողացված անասունը այլ համայնքի բնակիչներից մեկի մոտ: Բազմաթիվ դիմումներին ոստիկանությունից ստանում է պատասխան, որ նորություն լինելու դեպքում կտեղեկացնենք:
Ելնելով ստեղծված անորոշությունից, շահառուի մոտ մտահոգություններ են առաջացել ոստիկանության կողմից գործի քննության օբյեկտիվության կապակցությամբ:
Կենտրոնի կողմից 14.08.2012թ.-ին շահառուի դիմումը հասցեագրվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն: Վերջինիս կողմից ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Հրազդանի բաժնին հանձնարարություն է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստել, բացի այդ միջոցներ ձեռնարկել պարզելու ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի համապատասխան աշխատակցի կողմից հանցագործության մասին տեղեկացված լինելու հանգամանքը, այնուհետև այն օրինական կարգով չգրանցելու և ընթացք չտալու պատճառները: Ոստիկանության Հրազդանի բաժինը 03.09.2012թ.-ին հայտնել է դիմումին օրինական ընթացք տալու և հետաքննություն կատարելու մասին:
Արդյունքում, համաձայն 04.10.2012թ.-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ստացված գրության, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի կողմից 16.08.2012թ.-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում քաղաքացու հաղորդմանը ժամանակին ընթացք չտալու համար ոստիկանության Հրազդանի բաժնի երկու ոստիկաններ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Բացի այդ, փաստի առթիվ Հրազդանի ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով 14.09.2012թ.-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և այժմ կատարվում է նախաքննություն: