Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն /նախկին անցվանումը` Երևանի ՇՊԱԿ/ էր դիմել Ն.Հ.-ը` խնդրելով աջակցություն ցուցաբերել իրեն խախտված իրավունքները վերականգնելու հարցում: Խնդիրը կայանում էր նրանում, որ Երևանի քաղաքապետարանը անտեսելով Ն.Հ.-ի իրավունքները, ուղղակի վաճառքի միջոցով Ն.Հ.-ի հարևանին էր օտարել վերջինիս բնակարանի մուտքի առջևի հողամասը, որով վերջինս մուտք էր գործում իր բնակարան՝ առանց վերջինիս իրավունքները հաշվի առնելու, վարչական վարույթի մասին ծանուցելու և անտեսելով այն հանգամանքը, որ Ն.Հ.-ը այլ տեղով չի կարող մուտք գործել իր բնակարան: Երևանի Քաղաքապետի որոշման հիման վրա Նելլի Հայրիյանցի հարևանի իրավունքները ստացել էին պետական գրանցում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում: Արդյունքում, Ն.Հ.-ը զրկվել էր սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան մուտք գործելու հնարավորությունից: Շահառուի իրավունքների պաշտպանությունն արդյունավետորեն իրականացնելու և դատական ներկայացուցչության համար որպես ներկայացուցիչ ներգրավվել էր “ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում” ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյան) քննելով հիշյալ վարչական գործը 2012թ. մայիսի 14-ի վարչական գործով մերժել էր Ն.Հ.-ի հայցը` անհիմն կերպով պատճառաբանելով, որ Ն.Հ.-ը չի ունեցել սեփականության իրավունք իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ: Հիշյալ որոշումը բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.10.2012թ. որոշմամբ ստորադաս դատարանի վճիռը բեկանվել է փոփոխվել է՝ մասնակի անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումները և վերականգնվել է Ն.Հ.-ի իրավունքները: