Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրում նշվում է, որ պետք է ներդրվեր և ապահովվեր կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային ծառայողների շարունակական վերապատրաստման համակարգ:
Սակայն Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի դիտարկումները ցույց էին տվել, որ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում ներառված չեն կոռուպցիայի, հակակոռուպցիոն վարքագծի ձևավորման մասին դասընթացներ:
Բացի այդ, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն այցելած քաղաքացիները հաճախ են բողոքում պետական տարբեր մարմինների աշխատողների մոտեցումներից և պահվածքից: Այդ ամենը հաշվի առնելով, կենտրոնը որոշեց քաղաքացիական ծառայողների համար հակակոռուպցիոն ուսուցում կազմակերպել, սակայն մինչև հակակոռուպցիոն ուսուցում կազմակերպելը անհրաժեշտ էր, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշմամբ, հակակոռուպցիոն ուսուցման մոդուլը ներառել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգում:
«Մենք կենտրոնի անունից որպես բարեփոխում համապատասխան առաջարկություն հղեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետին և Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին: Եվ մեր նախաձեռնությունը, առաջարկությունն ողջունվեց: Քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցչի հետ տեղի ունեցած մի շարք բովանդակային հանդիպում-քննարկումներից հետո մենք իրենց առաջարկեցինք վերապատրաստման ծրագիր, որը 2012թ.-ի նոյեմբերի 1-ին հաստատվեց քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից: Մեր նպատակը ոչ թե քաղաքացիական ծառայողների փոքր խմբի համար հակակոռուպցիոն դասընթաց կազմակերպելն էր, այլ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգը հակակոռուպցիոն ուսուցմամբ համալրելն էր: Եվ պատկան մարմնի հետ համագործակցության արդյունքում հաջողվեց այդ բարեփոխումն իրականացնել»,- ասում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը:
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկած բարեփոխման ծրագրով առաջին վերապատրաստումն անցացրեցին հենց կենտրոնի իրավաբանները:
2012 թվականի նոյեմբերի 27-29-ը և դեկտեմբերի 3-5-ը ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում կազմակերպված եռօրյա դասընթացներին մասնակցել են մոտ 40 քաղաքացիական ծառայողներ:
Ինչպե˚ս ճանաչել կոռուպցիոներին, ինչպե˚ս բարձրացնել հակակոռուպցիոն դիմադրողականությունը: Այս և այլ հարցերի պատասխանները քաղծառայողները ստացան դասընթացի ընթացքում. դասախոսություններ լսեցին, դիտեցին թեմատիկ ուսուցողական ֆիլմեր, կատարեցին գործնական վարժություններ:
«Ամեն ինչի հիմքը կրթությունն է, և մենք հուսով ենք, որ նման կարգի դասընթացները կօգնեն, որպեսզի քաղծառայողները, պետական պաշտոնյաները ընդհանրապես ավելի ճիշտ պատկերացում կազմեն կոռուպցիայի և դրա վնասարակարության մասին: Հուսով ենք, որ նրանք արդեն այլ հայացքով կնայեն իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը, քաղաքացիների հետ շփումներին: Այս վերապատրաստման արդյունքում գուցե մի քիչ ավելի արդյունավետ կդառնա կոռուցպիայի դեմ պայքարը կամ ավելի հեշտ կլինի կանխարգելել կոռուցպիան մեր հանրապետությունում»,- նշեց Մարատ Ատովմյանը:
Դասընթացին մասնակցել են նաև իրավաբանական ինստիտուտի այն աշխատակիցները, ովքեր հետագայում վարելու են համանման դասընթացները հաստատված ծրագրով: Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկած բարեփոխման արդյունքում` հետայսու քաղծառայողները պարբերաբար հակակոռուպցիոն ուսուցում կստանան: