Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում Էդ. Նահապետյանի նախագահությամբ կայացավ Դոնարա Մանուկյանի հայցի քննությունը ընդդեմ Գյումրու քաղաքապետի 11 հունիսի 2012թ. թիվ 1472-Ա որոշումը և ՀՀ ԿԱ ՊԿ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 18.06.2012թ. կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնենք, որ գործով ներգրավված է եղել Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնը: Դոնարա Մանուկյանի շահերի պաշտպանություն իրականացրել է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող Կարինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ խոսքը բազմաբնակարան շենքում առանց օրինական թույլտվության զուգարան կառուցելու մասին էր` հայցվորի և 3-րդ անձ Կարինե Մարտիրոսյանի բնակարանների նույն հարթակում:
Դատարանն ամբողջությամբ բավարարեց հայցապահանջը` այն է` ամբողջությամբ անվավեր ճանաչվեց Գյումրու քաղաքապետի 11 հունիսի 2012թ. թիվ 1472-Ա որոշումը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գյումրու տարածքային ստորաբաժանումում 18.06.2012թ. Տ. Ճարտարապետ փողոցի 8Բ շենքի թիվ 2 բնակարանին կից կառուցված 2,15քմ /արտաքին մակերերսը 3,28 քմ/մակերեսով շինության նկատմամբ կատարված պետական գրանցումը: Որպես անվավերության հետևանք պարտավորեցվելու է Գյումրու քաղաքապետարանին քանդելու Տ. Ճարտարապետ փողոցի 8Բ շենքի թիվ 2 բնակարանի հասցեում ապօրինի կառուցված 3.28 քմ մակերեսով շինությունը` ապօրինի կառույցն իրականացրած անձի միջոցների հաշվին: