Ես հավատում եմ իմ պայքարի հաղթանակին
18.05.2013թ. դիմելով Կենտրոն՝ շահառուն հայտնում էր, որ աշխատավարձի բռնագանձման պահանջով դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը 04.07.2012թ. վճռել էր պատասխանող «Մեղվի քաղաք» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Ալբերտ Վարդանյանի բռնագանձել 425 250 ՀՀ դրամ որպես չվճարված աշխատավարձի պարտքի գումար: Վճիռն օրինական ուժի մեջ էր մտել 06.08.2012թ.: Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 08.08.2012թ. շահառուի միջնորդությամբ տրվել էր կատարողական թերթ, որը նա ներկայացրել է կատարման ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) Կոտայքի մարզային բաժին: 17.08.2012թ. որոշում էր կայացվել վերսկսելու 14.08.2012թ. ավարտված կատարողական վարույթը: Վերսկսել, քանի որ դեռ 22.06.2012թ. դատարանը բավարարել էր հայցվոր Ալբերտ Վարդանյանի միջնորդությունը և հայցի ապահովման նպատակով հայցագնի՝ 660.000 ՀՀ դրամի չափով արգելանք էր դրել պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա:
Վեց ամիս անց՝ 15.02.2013թ., հարկադիր կատարողը որոշում էր կայացրել ավարտել 17.08.2012թ. վերսկսկված կատարողական վարույթը: Սակայն 22.02.2013թ. որոշում էր կայացրել վերսկսել 15.02.2013թ. ավարտված կատարողական վարույթը:
Շահառուն հայտնում էր, որ չի կատարվում դատարանի վճիռը և մտավախություն ուներ, որ վերոհիշյալ «Մեղվի քաղաք» ՍՊԸ-ն ԴԱՀԿ-ից թաքցնում է իր գույքն ու դրամական միջոցները:
Հակակոռուպցիոն կենտրոնի կողմից գործն ընդունվեց և միաժամանակ գրություններ ուղարկվեցին ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն:
Արդյունքում 18.07.2013թ. ներկայանալով Կենտրոն՝ շահառուն ներկայացրեց բանկային հաշվի քաղվածքը, որտեղ հստակ երևում էր 29.06.2013թ. և 12.07.2013թ. «Մեղվի քաղաք» ՍՊԸ-ից գանձված գումարները՝ համապատասխանաբար 240.000 և 180.000 ՀՀ դրամի չափով: