Հակակոռուպցիոն պայքարը հնարավոր չէ պատկերացնել առանց համապատասխան կրթության մանկապարտեզներում և դպրոցներում: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 19-ին դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, թեման՝ «Հակակոռուպցիոն պայքար. պատմական ակնարկ»:
Նախ նա խոսեց հակակոռուպցիոն արժեքներից՝ շեշտելով, որ ինչպես մանկապարտեզներում, այնպես էլ դպրոցներում դրանք արմատավորելը կառողջացնի համակարգը. «Մարդը պետք է այդ արժեքները կրի, հետո նոր անցնենք վերահսկողությանը, սակայն մեր իրականությունն այլ է՝ մեզ մոտ փորձում են վերահսկել կոռուպցիոն երևույթներն՝ առանց մարդու մեջ հակակոռուպցիոն արժեքները սերմանելու: Այսինքն՝ մեզ մոտ մանկապարտեզում, դպրոցում, ընտանիքում երեխաները հակվում են կոռուպցիայի, այնուհետև միայն դրվում է վերահսկողություն, որ նրանք չգնան հակաօրինական ճանապարհով, այս մոդելն անարդյունավետ է»,- ասաց նա:
Բացի այդ, Կարեն Զադոյանը ներկայացրեց հակակոռուպցիոն պայքարի փուլերը, որոնք երեքն են՝ կոռուպցիայի մասին քաղաքացիական հասարակության բարձրաձայնում, միջազգային իրավական փաստաթղթերի ընդունում և այդ նույն փաստաթղթերի իմպլեմենտացիան ազգային մակարդակում:
Պատմական ակնարկը պարոն Զադոյանը շարունակեց ներկայացնելով Հայաստանի պարտավորությունների կատարումը և միջազգային կազմակերպությունները:
Խոսելով մեր իրականությունից նա որպես օրինակ վերցրեց այս ամռանը տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ ուղղված էներգետիկ ոլորտի վերականգնմանը: Կարեն Զադոյանը հենց այս բողոքի ցույցերի հիման վրա ներկայացրեց կոռուպցիոն խնդիրները. «Իրականում այդ բողոքի ցույցերը, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, պետք է միտված լինեին մեկ խնդրի լուծմանը՝ կոռուպցիայի վերացմանը: Այդ թանկացումները կապված են վատ կառավարման, կոռուպցիայի հետ»,- նշեց ՀԵԻԱ նախագահը:
Ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ: Ըստ Կարեն Զադոյանի պատժի խստությունը խնդրի լուծում չէ. «Օրինակ՝ Չինաստանում կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ կիրառում են ամենախիստ պատիժները, ընդհուպ՝ մահապատիժը, սակայն կոռուպցիան այս երկրում շարունակում է մեծ խնդիր մնալ: Խնդիրը բնավ խստությունը չէ, այլ պատժի անխուսափելիությունը, որը լուծել է Հոնկոնգը»,- եզրափակեց պարոն Զադոյանը:
Սեմինարի ընթացքում մասնակիցները բանախոսի հետ առանձնացրին քաղված դասերը, ինչպես նաև ուղենշեցին հետագա անելիքները, իսկ ավարտին նրանք կատարեցին խմբակային աշխատանք:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: