Կապանում կանանց իրավունքների անպաշտպան մակարդակն ու կոռուպցիան փոխկապակցված են:
«Օրինակ՝ մեր քաղաքում կեսարյան հատումների քանակն աճել են, կանայք բնական ճանապարհով շատ քիչ են ծննդաբերում: Ընդունված պրակտիկա է, որ կեսարյան հատման դեպքում բժիշկներին տալիս են 120-150 հազար դրամ, սա ամենամեծ խնդիրներից»,- նշեց Քրիստինա Սաղաթելյանը` Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ ղեկավարը: Մինչդեռ ծննդօգնությունը անվճար պետք է իրականացվի, մեր զրուցակցի փոխանցմամբ` կանանց իրավունքները խախտվում են իրազեկվածության պակասի պատճառով: ՀԿ-ն հետազոտություն է իրականացրել Կապանի ծննդօգնության ոլորտում` վեր հանելով խնդիրները (դրամաշնորհը տրամադրվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում):
Իրազեկվածությունը մի կողմ, այս քաղաքում ցածր է հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության մակարդակը, թեև կապանցիները հպարտությամբ նշեցին, որ մարզում իրենց մոտ ամենաշատն են կանայք ներգրավված համայնքային կառավարման ոլորտում` մարզի 109 համայնքներից 4-ի ղեկավարները կանայք են՝ Կապանից:
Կապանում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ «ՄԱԿ-ի` Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի նախագծի ներկայացումը և հանրային քննարկումը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, նա ներկայացրեց այլընտրանքային զեկույցի նախագիծը, խոսեց թիրախային խնդիրներից:
Ըստ նրա՝ հարկավոր է կանանց հնարավորություն տալ և նրանք կբարեփոխեն երկիրն ու խոցելի ոլորտները. «Ես խորապես համոզված եմ, որ Հնդկաստանի փրկությունը կանանց ձեռքերում է, որը կախված է կանանց այնպիսի հատկանիշներից, ինչպիսիք եք անձնազոհությունն և լուսավորությունը»,- Մահաթմա Գանդիի խոսքերը մեջբերեց պարոն Զադոյանը:
Միջոցառումը վարում էր Սյունիքում ծրագրի իրավախորհրդատու Անի Ասատրյանը: Քննարկումների առաջարկ եղավ կանանց ներգրավվել նաև Ճանապարհային ոստիկանության համակարգում, քանի որ կին տեսուչներն առավել պահանջատեր և զգոն կլինեն:
Բացի քննարկումներից զեկույցներով հանդես եկան բանախոսները, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Մարիամ Զադոյանը ներկայացրեց զեկույցի նախագծի մեթոդաբանությունը: Նա ասաց, որ ծրագրի շրջանակներում անցկացվել են հարցումներ պետական և ոչ պետական մարմինների շրջանակներում:
Նախագծում արծարծված խնդիրներին անդրադարձավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը: Նա ասաց, որ ուսումնասիրության արդյունքներում ոչ միայն խնդիրներն են վեր հանվել, այլ նաև առաջարկություններ արվել:
Միջոցառման ավարտին Կարեն Զադոյանը հավաստագրեր հանձնեց Սյունիքի մարզում ծրագրի ուսուցումների առաջին փուլը ավարտած և կանանց իրավունքների մասին հանրային իրազեկման սեմինարներ անցկացրած երիտասարդ կամավորներին:
Հիշեցնենք, որ զեկույցի նախագիծը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ղեկավարն է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Զեկույցի վրա աշխատել են Քարլ Ուլբրիխտը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սուզաննա Սողոմոնյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու և Տաթևիկ Մանուկյանը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու: