Խնդիր ունենք՝ տղամարդկանց ուսուցանելու կանանց իրավունքների հիմնախնդիրների մասին. Կարեն Զադոյան

Կան կարծրատիպեր, որ կնոջ տեղն ընտանիքում է, կինը չունի հավասար իրավունքներ ու հնարավորություններ՝  ընտանիքից դուրս այլ աշխատանք ունենալու, խիստ ցածր է նաև կանանց ներգրավվածությունը ղեկավար պաշտոններում. նման կարծիքներ էին հնչում Վանաձորում կազմակերպված «ՄԱԿ-ի` Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Լոռու մարզի հասարակական կազմակերպությունների, պետական և ՏԻ մարմինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավաբաններ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հնչում էին նաև առաջարկություններ՝ կարծրատիպերը կոտրելու ու խնդիրների լուծման վերաբերյալ՝ իրազեկել քաղաքացիներին, համարձակ լինել՝  կտրուկ քայլերի դիմելու համար, օրենսդրական նոր կարգավորումներ մշակել, և այլն:

Զեկույցի նախագիծը կազմվել է Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ Գերմանիայի դեսպանության կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

Այս ծրագրի շրջանակներում կանանց իրավունքների (աշխատանքային խտրականության, սեփականության, վերարտադրողական իրավունք, մասնակցության հարցեր, միջազգային օրենսդրություն) շուրջ ուսուցումներ են կազմակերպվել Երևանում, Լոռու, Գեղարունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում` փաստաբանների, իրավաբանների, իրավապաշտպանների, ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչների համար: Հիշյալ հարցերի վերաբերյալ ուսուցումները տարբեր վայրերում տարաբնույթ արձագանքներ են ստացել, եղել են բուռն քննարկումներ` կապված ամեն մարզի տարբեր բնակավայրերում առկա սովորույթների ու կարծրատիպերի հետ:

Հրատարակվել և մարզային բնակավայրերում տարածվել են կանանց իրավունքների մասին իրազեկող թերթիկներ, իրազեկման լուրջ հարթակ է նաև Իրավաբան.net լրատվական կայքը, որը պարբերաբար անդրադառնում  կանանց իրավունքների հիմնախնդիրին, ոլորտում կատարվող օրենսդրական փոփոխություններին, իրադարձություններին և հաջողության օրինակներին:

Ծրագրի շրջանակներում նաև իրավաբանական անվճար խորհրդատվություն է տրվել կանանց իրավունքների վերաբերյալ: ՀԵԻԱ նախագահ և ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը հայտնեց, որ անվճար խորհրդատվություն է ստացել ավելի քան 600 անձ, և շարունակվում են խորհրդատվությունները:

Ծրագրի ղեկավարի խոսքով, այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ խնդիրն իսկապես կա և պետք է աշխատել ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց հետ՝ իրազեկելով նրանց կանանց իրավունքների հիմնախնդիրների մասին:

Ինչ վերաբերում է «ՄԱԿ-ի՝ Կանանց նկատմամաբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցին, Կ. Զադոյանը հայտնեց, որ ՀԵԻԱ-ն 3-րդ կազմակերպությունն է, որը հանձն է առել նման լուրջ մոնիթորինգ իրականացնել:

Զեկույցի նախագիծը, որը բաղկացած է երկու մասից (առաջին մասում կատրված ուսումնասիրություններն ու դրանց վերաբերյալ եզրահանգումները, երկրորդ մասում՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ) այսօր ներկայացրեցին ՀԵԻԱ անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Մարիամ Զադոյանը և ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան և ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:

Այնուհետև յուրքանչյուրի բարձրաձայնված խնդիրը քննարկվեց մասնակիցների հետ, եղան առաջարկություններ, որոնք հետագայում կարող են տեղ գտնել զեկույցի վերջնական տարբերակում:

Նշենք նաև, որ զեկույցի վրա աշխատել են Քարլ Ուլբրիխտը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սուզաննա Սողոմոնյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու և Տաթևիկ Մանուկյանը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու: