Քաղաքացին փողոցում քայլելով պետք է տեսնի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տարվում. Կարեն Զադոյան

«Քաղաքացին փողոցում քայլելով պետք է տեսնի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տարվում: Ես երբ քայլում եմ փողոցում ու տեսնում եմ պաշտոնյաների առանձնատները, կամ այս կամ այն չինովնիկի կողմից շենքի տանիքներում ընդլայնած տարածքները, զգում եմ, որ այդ պայքարը արդյունավետ չի տարվում»,- սեպտեմբերի 22-ին Վանաձորում ՔԿՀ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ, հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Նա օրինակ բերեց, որ Սինգապուրի փողոցներում քայլելիս քաղաքացին հասկանում է, որ հակակոռուպցիոն պայքար է տարվում, երկիրը զարգանում է, այդ պայքարի արդյունքում ֆինանսական միջոցները արդյունավետ են ծախսվում, ուղղվում են երկրի բարօրությանը:

Օրեր առաջ Կարեն Զադոյանը և ՀԵԻԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը մասնակցել են Մալազիայի Պութրաջայա քաղաքում տեղի ունեցած 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովին և համաժողովի ժամանակ ձեռքբերված փորձն ու նորությունները այսօր փոխանցում էին կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Կ. Զադոյանը պատմեց, որ այս համաժողովը կազմակերպվում է 2 տարին մեկ անգամ, և հավաքվում են կոռուպցիայի դեմ պայքարի աշխարհի բոլոր առաջամարտիկները, քննարկում ոլորտում առկա խնդիրներն ու անելիքները. «Այս տարվա համաժողովի ընթացքում անցկացված բոլոր պլենար նիստերի և աշխատաժողովների ժամանակ կարմիր թելի պես անցնում էր հետևյալ միտքը՝ վերջ տալ կոռուպցիոն գործընթացներին մասնակից անձանց անպատժելիությանը»,- ասաց Կ. Զադոյանը:

Համաժողովի շրջանակներում Կարեն Զադոյանը հանդիպումներ է ունեցել Մալազիայի, Ինդոնեզիայի, Հոնգ Կոնգի և մի շարք այլ երկրներում գործող հակակոռուպցիոն անկախ մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ներկայացրել հայաստանյան փորձը՝ հակակոռուպցիոն պայքարում և տեղեկացել այդ երկրների  փորձին:

«Մալազիայի Հակակոռուպցիան հանձնաժողովի գլխավոր հանձնակատարի կանխարգելման հարցերով տեղակալը, ով նաև այդ համաժողովի կազմկոմիտեի նախագահն էր, հարցրեց, թե ով է ՀՀ հակակառուոպցիոն խորհրդի նախագահը, ասացի՝ վարչապետը, նա հազիվ ժպիտը թաքցրեց ու ասաց, որ այդպես հակակոռուպցիոն պայքարն առաջ չի գնա»,- ասաց Կարեն Զադոյանը:

Կարեն Զադոյանը հայտնեց նաև, որ Սինգապուրում, Մալազիայիում, Հոնկ Կոնգում, որտեղ մեծ հաջողությունների են հասել հակակոռուպցիոն պայքարում, հակակոռուպցիոն անկախ մարմինների արդյունավետ գործունեության երաշխքիները օրենքներն ու քաղաքացիական հասարակության ուժն են: Նա հիշեց, որ Մալազիայիում մինչ համաժողովի սկսվելը մեծ ցույցեր են սկսվել՝ պահանջելով երկրի վարչապետին ներկա չգտնվել հակակոռուպխցիոն պայքարին նվիրված այդ համաժողովին, քանի որ հենց ինքն է ներքաշված նման գործընթացներում: Եվ արդյունքում՝ վարչապետն իսկապես ներկա չի գտնվել համաժողովին:

«Ես հասկացա, որ հակակոռուպցիոն անկախ մարմինը լուրջ մեխանզիմ է հակակոռուպցիոն իրական պայքարի համար»,- նշեց Կարեն Զադոյանը:

Նա հայտնեց նաև, որ ներկայումս հակակոռուպցիոն պայքարում մեծապես կարևորովում են հետաքննական լրագրողական աշխատանքներն ու մասնագիտական մոնիթորինգները: