Հակակոռուպցիոն դասընթաց՝ «Ժողովրդավարության դպրոցի» սաների հետ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ Սյունիքի մասնաճյուղը հուլիսի 29-ին հակակոռուպցիոն դասընթաց անցկացրեց «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ժողովրդավարության դպրոցի» և «Կարիերայի պլանավորման և զարգացման» կենտրոնի սաների հետ:
Քննարկմանը մասնակցում էին մոտ 30 դպրոցահասակ երեխաներ տարբեր կրթահամալիրներից:
Դասընթացի միջոցով երեխաներին ներկայացվեց, թե ի՞նչ է կոռուպցիան՝ որպես երևույթ, որոնք են դրա պատճառները, հետևանքները և ազդեցությունը: Ներկայացվեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը, մասնավորապես՝ Սինգապուրի օրինակը:
Այնուհետև երեխաներին հանձնարարվեց կազմել առաջարկություններ, թե իրենց կարծիքով ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ:
Երեխաների ներկայացրեցին մի շարք առաջարկություններ, որոնցից հատկանշական էին՝ կաշառակերության համար որպես պատիժ սահմանել մահապատիժը, ստուգել բոլոր պետական պաշտոնյաների և նրանց մերձավոր հարազատների ունեցվածքը և դատական կարգով պահանջել հիմնավորել այդ ունեցվածքի ձեռքբերման համար օգտագործված միջոցների գոյացման ճանապարհը, բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, մասնավորապես, բացատրել նրանց, որ կոռուպցիոն գործարքների պարագայում նրանք ոչ մի երաշխիք չունեն, թե իրենք պայմանավորվածությունը արդյունավետ կլինի, իսկ քանի որ գործարքը անօրինական է, հետևաբար իրենք օրենքով պաշտպանված չեն լինի:
Քննարկումներն ու կարծիքների փոխանակումը անցան շատ բուռն ու հետաքրքիր. ունենալով նման ազնիվ ու խելացի երեխաներ, կարող ենք վստահ լինել, որ նրանք կլինեն օրինապահ ու բարեխիղճ քաղաքացիներ: