«Ինձ մեկ անգամ աշխատանքի չընդունեցին` ասելով, թե ամուսնացած չեմ, երկրորդ անգամ մերժեցին աշխատանքի ընդունել` դիտարկելով ինձ որպես պոտենցիալ մայր»,- այս մասին պատմեց փաստաբան, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Գայանե Գևորգյանը` «Կանանց իրավունքները» թեմայով կազմակերպված ուսուցման ժամանակ:
Գործատուները հաճախ խուսափում են աշխատանքի ընդունել նոր ամուսնացած և հղի կանանց` նկատի ունենալով, որ շատ կարճ ժամանակ հետո նրանք կարող են գնալ ծննդաբերության և մայրության արձակուրդի:
«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում Գյումրիում կազմակերպված ուսուցման ժամանակ Գ. Գևորգյանը ներկայացրեց կանանց աշխատանքային իրավունքները, որոնք ամրագրված են ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական իրավական փաստաթղթերով:
Բանախոսի խոսքով, ներկայումս չկան գործատուի դեմ դատարանում իրենց իրավունքները կիրարկել ցանկացող անհատներին վրեժխնդրությունից պաշտպանող դրույթներ: Կանայք իրավական պաշտպանություն չունեն նաև սեռական հետամտումների ենթարկվելու դեպքում, քանի որ սեռական հետամտումները իրավական խնդիր չեն համարվում:
Գայանե Գևորգյանը նշեց նաև, որ խնդիրներ են առաջանում նաև նույն աշխատանքը կատարող կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության հետ կապված: Մասնավորապես, Գ. Գևորգյանն իր պրակտիկայից հիշեց մի դեպք, երբ հաշվապահ կինը աշխատանքից ազատվել էր միայն այն բանի համար, որ գործատուին ասել էր, թե իր կողմից կատարվող աշխատանքային ծավալն ու դրա դիմաց վարձատրությունը համաչափ չեն: Գործատուն «տեղեկացրել» էր նաև, որ դատարանով աշխատանքում վերականգնվելուց հետո էլ մի տարբերակ կգտնվի նրանից ազատվելու համար:
ՀԵԻԱ իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը մասնակիցներին ներկայացրեց օրենսդիր, գործադիր, ՏԻ մարմիններում և դատական համակարգում կանանց մասնակցության խնդիրները, դրանք կարգավորող իրավական ակտերի մասին:
Նրա խոսքով, ներկայումս մտահոգող խնդիրներից է այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն իրավանորմեր, որոնք կապահովեն համայնքներում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում (բացառությամբ Երևանի ավագանուց): Չկան նաև բիզնես ընկերությունների խորհուրդներում կանանց մասնակցությունն ապահովող իրավանորմեր:
Հետաքրքիր է, որ ուսուցմանը մասնակից կանանց մի մասը դեմ էր կանանց ավելի ընդգրկուն մասնակցությանը ինչպես տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ իշխանության այլ ոլորտներում. «Ասում են, չէ՞, որ կնոջը պաշտոն տուր, ու թող, փախիր»,- ասաց փաստաբան Քրիստինա Դեմիրճյանը: Նա հիշեց ՔԿԱԳ կին ղեկավարի ու դատավորի, որոնց հետ աշխատելը դժվար է եղել:
Մասնակիցների մի մասն էլ սակայն չհամաձայնեց, պնդելով, թե հաճախ խնդիրը ոչ թե կին կամ տղամարդ լինելու, այլ մարդկային ու մասնագիտական որակների հետ է կապված:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի փաստաբանների, իրավաբանների և իրավապաշտպանների համար ուսուցումն կազմակերպվել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: