Հայաստանյան իրականությունում ամուսնալուծությունների պատճառ է դառնում երեք գործոն` նյութական խնդիրները, անպտղությունն ու ընտանիքում արու զավակ չունենալը: Ամուսնալուծությունից հետո առաջ են գալիս սեփականության իրավունքի մի շարք խնդիրներ և հաճախ ոտնահարվում են հենց կնոջ սեփականության իրավունքները:
Այսօր Գյումրիում Շիրակի մարզի փաստաբանների, իրավաբանների և իրավապաշտպանների համար «Կանանց իրավունքները» թեմայով կազմակերպված ուսուցման փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց սեփականության իրավունքները`ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության հարցերի շրջանակներում:
Նշենք, որ ուսուցումն իրականացվում է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: ՀԵԻԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը իր ողջույնի խոսքում հայտնեց, որ ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:
Քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին այն հարցը, որ հաճախ սեփականության իրավունքի խնդիրներ են առաջանում, երբ փաստացի ամուսնությունը չի գրանցվում. այս դեպքում գրեթե անհնար է դառնում ապացուցել, թե որ գույքի նկատմամբ կինը կարող է սեփականության իրավունք ունենալ. «Եթե չկա ամուսնության գրանցում, ապա օրենքը չի կարող պաշտպանել անձի իրավունքները»,- ասաց քննարկանը մասնակցող իրավաբան Վանուհի Գասպարյանը` հավելելով, որ նման դեպքերում որևէ արդյունքի հասնելը բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց է ենթադրում:
Սյուզաննա Սողոմոնյանը նշեց նաև, որ երբեմն խախտվում է կնոջ սեփականության իրավունքը, երբ ամուսինը ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքն օտարում է` առանց կնոջ իմացության: Նա իր պրակտիկայում հանդիպած օրինակ բերեց մի դեպք, երբ ամուսինը վաճառել էր բնակարանը` նոտարիատում ստորագրելով փաստաթուղթ այն մասին, որ գույքը ձեռք չի բերվել ամուսնության ընթացքում և դրա վերաբերյալ երրորդ անձիք գույքային իրավունքներ չունեն:
Բանախոսի խոսքով, այս դեպքում կա նաև օրենսդրական խնդիր, քանի որ նոտարը պարտավորված է որևէ գործարք վավերացնելիս` ստուգել փաստերի իսկությունը:
Ս. Սողոմոնյանը նշեց նաև, որ լինում են դեպքեր նաև, երբ ամուսինը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռքբերված գույքը գրանցում է ոչ թե իր կամ կնոջ, այլ երրորդ անձի անունով: Մասնավորապես, նա իր պրակտիկայում հանդիպել է մի դեպքի, երբ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռքբերված բնակարանը գրանցված է եղել տղամարդու ծնողների անունով:
Ուսուցումը շարունակվում է, քննարկվում են նաև կանանց աշխատանքային և վերարտադրողական իրավունքների վերաբերյալ հիմնախնդիրները: