Սյունքի մարզում շատ են ամուսնալուծությունները: Այս խնդիրը մասնագետների համոզմամբ բխում է մարզի սոցիալկենցաղային վատ պայմաններից:
Մարզկենտրոն Կապանում այսօր տեղի ունեցավ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի հերթական ուսուցումը: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամներն այստեղ հանդես եկան ոլորտին առնչվող դասախոսություններով, որոնք նախատեսված են իրավաբանների, իրավապաշտպանների և փաստաբանների համար:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Կապանի մասնաճյուղի իրավաբան Վաչե Բաղդասարյանը նշում է, որ Կապանում ամուսնալուծվում են հիմնականում 25-30 տարիքային խավի ներկայացուցիչները. «Ե՛վ մենք, և՛ դատարաններն ամեն ինչ փորձում են անել, որ ընտանիքը չկազմալուծվի, սակայն ցավոք սրտի չի ստացվում»,- ասաց իրավաբանը:
Սյունիքում կանանց առնչվող հաջորդ խնդիրը մասնակցությունն է՝ հասարակական-քաղաքական կյանքում:
Ինչպե՞ս լուծել այն, մասնակիցներից մեկը՝ «Գանձասար» ֆուտբոլային ակումբի իրավաբան Աշոտ Ասատրյանը առաջարկեց ֆուտբոլային դիվանագիտություն կիրառել:
«Շուրջ երեք տարի առաջ մարզում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարական կորպուսում ճգնաժամ սկսվեց, անորակ մրցավարության պատճառով մարզադաշտում սկսվեցին խուլիգանական արարքներ: Որոշում կայացվեց, որ կորպուսում 5 աղջիկ պետք է դատի, արտակարգ կարգուկանոն ստեղծվեց»,- ասաց իրավաբանը:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցերից խոսելիս, որը ներկայացրեց ծրագրի փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, մասնակիցները նշեցին, որ այս խնդիրը մարզում գրեթե բացակայում է, մի պարզ պատճառով՝ այստեղ ծնելիության մակարդակը բավականին ցածր է՝ հանքարդյունաբերության պատճառով, այնպես որ ընտանիքներում ուրախանում են ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների ծնդունդով:
Սեմինարին այսօր խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը, նա մասնակիցներին ներկայացրեց ծրագիրը և դրա շրջանակներում սպասվելիք միջոցառումները: Խնդրին անդրադարձավ նաև Սյունիքում ծրագրի իրավախորհրդատու Անի Ասատրյանը:
Կանանց մասնակցությունն, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձը ներկայացրեց ծրագրի իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը, նա խոսեց մասնակցության ապահովման ազգային և միջազգային իրավական ակտերից: Նա անդրադարձ կատարեց կանանց մասնակցության հիմնախնդիրներին՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունում, ինչպես նաև ՏԻՄ-երի և ավագանու կազմում: Բացի այդ նա դասախոսությամբ հանդես եկավ՝ ներկայացնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտականությունները և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները:
Սեփականության իրավունքները ներկայացրեց ծրագրի փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նա նաև հանդես եկավ մեկ այլ դասախոսությամբ, որը վերաբերում էր Կանանց վերարտադրողական առողջության իրավունքներին, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցին: Մասնակիցները սեմինարի ընթացքում հարց ու պատասխանի միջոցով վեր հանեցին մտահոգող խնդիրները, կատարեցին խմբային աշխատանքներ, դիտեցին ոլորտին առնչվող տեսանյութեր:
«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: