«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում իրականացվող մարզային այցելություններին այսօր տրվեց մեկնարկ:
Ի թիվս այլ աշխատանքների նախատեսված է նաև կանանց իրավունքների հարցերով ուսուցումների անցկացում ՀՀ 4 մարզերում և Երևանում: Առաջինը՝ Լոռում մարզում էր՝ Վանաձոր քաղաքում` Լոռու մարզի փաստաբանների, իրավաբանների և իրավապաշտպանների համար:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամներն այստեղ հանդես եկան ոլորտին առնչվող դասախոսություններով, որոնք նախատեսված են իրավաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Կանանց իրավունքների հարցերով օրենքներում անհամաչափություն չկա: Համոզմունք հայտնեց ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը, նա ընդգծեց, որ մեր հասարակություն կանանց իրավունքների խախտումները հիմնականում կապված են սովորութային կարծրատիպերի հետ՝ հատկապես մարզերում. «Խնդիրները պետք է լուծել ավելի շատ իրավունքների իրազեկության-ճանաչման մեջ, մյուս կողմից էլ մենք խնդիրներ ունենք օրենսդրության սխալ կիրառման հետ, չիմանալով, որ այդ հարցերով առկա են ՄԻԵԴ-ի նախադեպեր: Այս առումով միայն կանանց կրթելը բավարար չէ, այս տեսանկյունից պետք է նաև կրթել տղամարդկանց՝ կանանց իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն տալով»,- ասաց պարոն Զադոյանը:
Այս տեսանկյունից ծրագիրը երկու թիրախ ունի, առաջինն՝ իրազեկության տարրն է. «Մենք նպատակ ունենք բարձրացնել ինչպես քաղաքացիների իրավական իրազեկվածության մակարդակը կանանց իրավունքների հարցերով, այնպես էլ խորացնել իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների գիտելիքներն ու հմտությունները՝ կանանց իրավունքների հարցերով կազմակերպելով ուսուցումներ իրավաբանների, փաստաբանների, իրավապաշտպան կազմակերպությունների համար: Բացի այդ, նախատեսում ենք ուսուցումներ այն ՀԿ-ների համար, ովքեր զբաղվում են կանանց իրավունքներով, ՏԻՄ-երի և ավագանիների ղեկավար կազմի, որպեսզի նրանց իրազեկենք և նրանց հետ քննարկենք ոլորտում առկա խնդիրները: Iravaban.net կայքի միջոցով նախատեսում ենք նաև կանանց իրավունքների իրազեկման քարոզարշավ անցկացնել, որն արդեն սկսել»: Երկրորդ տարրը «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կատարման մոնիթորինգն է Հայաստանում, որի արդյունքում կպատրաստվի և հանրությանն ու պատկան մարմիններին կներկայացվի համապատասխան զեկույց:
«Հաճախ են մարդիկ խոսում կանանց իրավունքների մասին, անգամ իրազեկ չլինելով այդ իրավունքներից»,- սեմինարի ընթացքում շեշտեց ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավար, իրավախորհրդատու Արթուր Սուքիասյանը: Նա իր դասախոսության ընթացքում պատմական ակնարկ անցկացրեց՝ ներկայացնելով կանանց իրավունքների ապահովման գործընթացը: Այնուհետև նա անդրադարձավ կանանց աշխատանքային իրավունքներին` խոսելով ազգային և միջազգային իրավական ակտերից:
Կանանց մասնակցությունն, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձը ներկայացրեց ծրագրի իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը, նա խոսեց մասնակցության ապահովման ազգային և միջազգային իրավական ակտերից: Այնուհետև անդրադարձ կատարեց կանանց մասնակցության հիմնախնդիրներին՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունում, ինչպես նաև ՏԻՄ-երի և ավագանու կազմում:
Բացի այդ Մարիամ Զադոյանը դասախոսությամբ հանդես եկավ՝ սեմինարի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտականությունները և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները:
Սեփականության իրավունքները ներկայացրեց ծրագրի փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նա նաև հանդես եկավ մեկ այլ դասախոսությամբ, որը վերաբերում էր Կանանց վերարտադրողական առողջության իրավունքներին, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցին:
Մասնակիցները սեմինարի ընթացքում հարց ու պատասխանի միջոցով վեր հանեցին մտահոգող խնդիրները, կատարեցին խմբային աշխատանքներ, դիտեցին ոլորտին առնչվող տեսանյութեր:
«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: