«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մի շարք միջոցառումներ է իրականացնելու:
Մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: Բացի այդ, այս ծրագիրով հիմնական շեշտադրումը դրված է աշխատանքային խտրականության, սեռով պայմանավորված աբորտների խնդրի, հասարակական կյանքում կանանց մասնակցության հարցի վրա, ինչպես նաև սեփականության խնդիրներին և այլն:
ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը քննարկման ընթացքում ներկայացրեց ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները: Նա շեշտեց այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում ոչ միայն կանանց իրավունքներն են պաշտպանվելու ու բարձրացվելու է նրանց իրավագիտակցության մակարդակը, այլ նաև տղամարդկանց. «Ծրագիրը կանանց իրավունքների մասին է, սակայն այն բոլորին է առնչվում, այսինքն՝ նաև տղամարդկանց ենք կրթելու»,- ասաց պարոն Զադոյանը: ՀԵԻԱ մարզային գրասենյակների ղեկավարները ներկայացրեցին մարզերում ոլորտային խնդիրները և ուղենշեցին հետագա անելիքները:
«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: