2014թ.-ի դեկտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի XI-րդ համաժողովը:
3 կետից բաղկացած համաժողովի օրակարգային հարցերը վերաբերում էին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 01.12.2012թ.-ից մինչև 01.12.2014թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, ֆինանսական և գույքի օգտագործման հաշվետվությունների քննարկմանն ու հաստատմանը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության թվաքանակի հաստատմանը և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար մարմինների ընտրություններին: Մասնավորապես՝
ա) կազմակերպության նախագահի ընտրություն,
բ) կազմակերպության փոխնախագահի ընտրություն,
գ) կազմակերպության պատասխանատու քարտուղարի ընտրություն,
դ) կազմակերպության վարչության անդամների ընտրություն:
Համաժողովի ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահը ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ հաշվետվությունը, անդրադառնալով կառույցի ծրագրային և ֆինանսական քաղաքականությանը: Անդամները քննարկեցին ՀԵԻԱ-ի հետագա գործունեությանը և հզորացմանը ուղղված այլ հարցեր ևս:
Համաժողովը բարձր գնահատեց և հաստատեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի կողմից ներկայացված ասոցիացիայի 01.12.2012թ.-ից մինչև 01.12.2014թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, ֆինանսական և գույքի օգտագործման հաշվետվությունները:
Համաժողովը հաստատեց Վարչության թվաքանակը, այն 11 անդամներից դարձնելով 7-ը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ ընտրվեց Կարեն Զադոյանը, փոխնախագահ՝ Դավիթ Աբգարյանը, պատասխանատու քարտուղար՝ Նարինե Կարապետյանը: Վարչության անդամներ ընտրվեցին Սյուզաննա Սողոմոնյանը, Մարատ Ատովմյանը, Արփինե Եղիկյանը, Ռոբերտ Գրիգորյանը:
Համաժողովի պաշտոնական մասին հաջորդեց ոչ ֆորմալ մասը, որի ընթացքում համաժողովի մասնակիցները շնորհավորեցին միմյանց՝ նախորդ երկու տարիների ընթացքում կառույցի ձեռքբերած հաջողությունների և նվաճումների համար: